Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս ի՞նչ բանավեճ եք սարքել»

Քաղաքականություն
0a2779ff32a27bed242c95c558c98126

«Այնպես անենք, որ չկռվածը չմտնի այս ցուցակի մեջ, քանի որ իսկապես բարոյականության խնդիր կա: Մենք էլ ունենք արխիվներ, մենք էլ կարող ենք օգնել փաստերի հավաքագրման հարցում: Ինչպես նաեւ` այս նախագծի 3-րդ ընթերցումը հիմա չանենք, այլ հանգիստ քննարկենք, շտապել չարժե»,-այսօր ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ կողմ է «ԵԿՄ կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Այդ պահին օրինագծի  հեղինակ եւ համահեղինակ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը սկսեցին նորից ընդվզել: «Այս ի՞նչ բանավեճ եք սարքել»,- վրդովվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այս անհարգալից վերաբերմունքն իմ նկատմամբ ես չեմ ընդունում, հարգարժան գեներալներ, թողեք` պատգամավորն իր կարծիքը հայտնի»,- նկատողություն արեց Հովիկ Աբրահամյանը: «Պարոն Սարոյան, դուք նախորդ անգամ Արցախի ազատամարտիկին բերեցիք մտցրիք այս օրենքում, դրա համար մենք դեմ քվեարկեցինք նախորդ անգամ»,- գեներալներին արձագանքեց պարոն Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հիմա ունենք կամավորական հասկացություն ու ունենք ցուցակ եւ այժմ էլ ավելացվում է ԵԿՄ հասկացությունն ու նոր ցուցակ. «Անհասկանալի է: Եթե նույն ցուցակներն են ու նորն ավելի լավն է, ապա հինը ուղղակի հանենք գործողությունից»:

Նա նաեւ նկատեց, որ այս պահի դրությամբ կամավորականները ամսական պետությունից 5000 դրամ. «Հիմա իշխանությունները փորձո՞ւմ են արձագանքել Ազատության հրապարակում բողոքի ակցիա անող ազատամարտիկների գործողություններին, դուք, պարոն Ֆարմանյան` որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, կարող եք ասել` ԱԺ-ն ու կառավարությունն ինչ մտադրություն ունեն այս կապակցությամբ, բացի այն, որ ընդամենը կարգավիճակ ենք սահմանում»:

Ըստ նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանի` ուրախանալու առիթ կա. «Պետությունը մեր դարավոր պատմության մեջ առաջին անգամ պետականորեն սահմանում ու ընդունում է կամավորականությունը»: