ԱԺ-ն առանց ընդմիջման կաշխատի
ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ավարտեց Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությունը: ԱԺ-ն այս հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ Կառավարության հետ իրենք ունեն գործընկերային հարաբերություններ եւ պետք չէ կարծել, որ թշնամական վերաբերմունք կա. «Գուցե ամենալավ առաջարկները մերը չեն, բայց դրանք մենք տալիս ենք խնդիրը տեսնելուց հետո: Ես երբեք չեմ ասել, որ ամենալավ մասնագետները մեր կառույցում են: Ես կոչ եմ արել, որ ցանկացած խնդիր, որը կարող է մեր գործին նպաստել, եկեք միասին կարգավորենք»:
Նա ընդգծեց, որ ինչպես ժամանակին կարողացել են փակել սոցիալականի ոլորտում տեղի ունեցող չարաշահումների էջը, այնպես էլ մի քանի տարի անց կփակվեն գնումների ու շինարարության ոլորտները, որոնք այսօր ամենախնդրահարույցն են:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, ապա Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ մինչ օրս դատախազություն են ուղարկել շուրջ 30 գործ եւ հետեւանքները գրեթե 90 տոկոսով լիարժեք են. «Այն, որ ինչու Վերահսկիչ պալատը ավելի շատ գործեր չի ուղարկում դատախազություն, ես ընդունում եմ, որ լավ չէ, բայց մենք կոլեգիալ մարմին ենք ու միասին ենք որոշում կայացնում: ԱԺ-ում եղան խնդիրներ որոշ անձանց հետ կապված, ես կարծում եմ, որ դրանք բացարձակապես կապ չունեին քննարկումների հետ, ու դրանք կարող էին բոլորովին այլ հարթության վրա քննարկել: Մենք պատրաստ ենք ավելի բաց ու թափանցիկ աշխատելու ԱԺ-ի հետ»:
Երբ ավարտվեց Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկով` ԱԺ-ն այսօր կաշխատի առանց ընդմիջման, քանի որ օրակարգը ծանրաբեռնված է: