Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները լրագրողներից փող են ուզում (տեսանյութ)

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

Վատ չէր լինի, եթե գոնե Ազգային Ժողով լուսաբանող լրագրողները վճարեին պատգամավորներին, նրանցից վերցված հարցազրույցների համար,-հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանի տեսակետն է։

«Դուք էդ փողը, այդ հացը մեր միջոցով եք աշխատում»,-ասաց նա։

Պարոն Հարությունյանը համոզված է, որ պատգամավորները լավություն են անում լրագրողներին նրանց հետ զրուցելիս, նա նկատել է, որ Ազգային Ժողովի քառօրյաներից դուրս լրագրողները լուսաբանելու շատ բան չեն ունենում. «Մենք ձեր ստնտուն ենք»։

Մանվել Բադեյանին դուր է գալիս քաղաքական գործիչներին հարցազրույցների համար վճարելու տարբերակը, դա ընդունված է ամբողջ աշխարհում, այդպես էր նույնիսկ Խորհրդային Միության օրոք

«Եթե ես քեզ ապրուստի միջոց եմ տալիս իմ հարցազրույցով, իհարկե, պիտի վարձատրվի յուրաքանչյուր էն, ումից հարցազրույց են վերցնում»,-ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը։

Հայաստանում, սակայն, այս փորձը պարոն Բադեյանին հնարավոր չի թվում, մամուլն այդքան փող չունի։ Չունի, ստիպված կլինի ունենալ, որպեսզի հարյուր հազարավոր դոլարի չափ տուգանքներ վճարի,-Վարդան Այվազյանի տեսակետն է. «Համամի՞տ չեք դուք, ասենք, սխալ գրելու համար մի 100 հազար դոլարի տուգանք»։

Պարոն Այվազյանին չի սարսափեցնում միտքը, որ չճշտված տեղեկության համար 100 հազար դոլարի տուգանքը կոչնչացնի տվյալ լրատվամիջոցին.
«Դե, ուրեմն, ճիշտը թող գրի»։

Վարդան Այվազյանին մխիթարում է այն միտքը, որ դեռ ոչ մի տուգանք լրատվամիջոց չի փակել։ Ի դեպ, ինքը այդ տուգանքները կուղարկեր մանկատներ, ծերանոցներ եւ զինվորներին։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրատվամիջոցի շնորհիվ օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհել էր լրագրողներից՝ ասելով. «Մամուլը եւ հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն»։

Վարչապետն ավելացրել է, որ լրագրողները եւ պաշտոնյաները պետք է սովորեն աշխատել նոր միջավայրում։ Նա իշխանության մեղքի բաժինն է տեսնում այնտեղ, որ ազնիվ եւ պատասխանատու պաշտոնյաների վրա ստվեր նետող հրապարակումների հեղինակները պատասխան չեն տալիս. «Սա էլ բավականին նուրբ խնդիր է, որին մենք դեռեւս պատրաստ չենք, որովհետեւ ցանկացած գործողություն այս առումով դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի, ընդդիմադիր նկատմամբ»։

Ի դեպ, այս մտքերը վարչապետը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ներկայությամբ։ Ավելացնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնում իր միակ ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից դժգոհել էր նաեւ Սերժ Սարգսյանը։