«Կարո՞ղ եք հանգստանալ, պարոն Այվազյան» (տեսանյութ)
ԱԺ նիստին մինչ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորով դիմեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին. «Կարո՞ղ եք հանգստանալ, պարոն Այվազյան»: Պարոն Այվազյանին բարկացրել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը:
Սկսելով իր ելույթը` պարոն Աբրահամյանը հայտարարեց. «Մի պահ գայթակղվեցի ու ուզում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո հսակացա, որ մաղձին պետք չէ պատասխանել»:
Նա նորմալ ու ժողովրդավարության սկզբունքների մեջ տեղավորվող որակեց Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ սկսած քննարկումները. «Միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել բացթողումների ու չարաշահումների մասին, ինչպես նաեւ` մեր նպատակը անհիմն ցեխ շպրտելը չէ»:
Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ պետական չարաշահումների վերաբերյալ իր արտահայտած զարմանքին, որը, ըստ նրա, շահարկումների թեմա է դարձել. «Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, թե ինչու եմ ես զարմանում: Իմ զարմանքն այն է, որ ես զարմանում եմ, որ չարաշահումներից հետո տվյալ պաշտոնյան դեռ մնում է իր պաշտոնին: Մենք չունենք պայմանավորվածություն, դրա համար էլ զարմանում ենք: Այո, մենք կարծում ենք, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Վերահսկիչ պալատի զեկույցից ես հասկացա, որ անհամապատասխանություն կա հաշվետվությունում: Մենք պետք է մտածենք որեւէ ձեևաչափ, որ այս ամբիոինից հիմնավոր մեղադրանքներ հնչեն»:
Ըստ նրա` առավել արդյունավետ կլինի, եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովներում համապատասխան իշխանական կառույցների մասնակցությամբ: Նա առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել Գլխավոր դատախազությանը, Վերահկսիչ պալատին ու ԱԺ-ին. «ԱԺ մեծամասնությունը պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության նկատմամբ: Չարաշահումներն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է համագործակցություն ու հետեւողականություն: Ես կարծում եմ, որ Կառավարությանը պետք է 6 ամիս ժամկետ տալ` հատկապես շինարարական աշխատանքների նորմատիվները համապատասխանեցնելու համար ժամանակակից չափանիշներին: Նույնը վերաբերում է նաեւ գնումների ոլորտին»:
ԱԺ նախագահի կարծիքով` խնդիրներ կան նաեւ օրենսդրության մեջ ու այդ պատճառով նա առաջարկեց Վերահսկիչ պալատին` ԱԺ ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ. «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մենք անկեղծ ենք մեր կարծիքներում ու ելույթներում, եւ որեւէ մեկի հասցեին անհիմն մեղադրանք ներկայացնելու միտում չունենք: Ես կարծում եմ, որ անընդունելի է, երբ Վերահսկիչ պալատը ներկայացնում է փաստեր չարաշահումների մասին ու ԱԺ-ն լռի: Ես առաջարկում եմ, որ այս փաստաղթուղն ամբողջությամբ ուղարկենք Գլխավոր դատախազություն, որն էլ ԱԺ-ին պարբերաբար կտեղեկացնի ընթացող գործընթանցերի մասին»:
Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` այս մոդելը ճիշտ է. «Շնորհակալ կլինեմ իմ գործընկերներին, եթե նրանք ավելի լավ տարբերակներ առաջարկեն: Ես նաեւ քննադատում են այն մարդկանմց, որ ասում են, թե այդ չարաշահումները համակարգված թալան են. հանրությանը թող թյուրիմացության մեջ չգցեն»: