Սերժ Սարգսյանը դոսյե ունի՞ (տեսանյութ)
Իրականության ո՞ր մասն են կազմում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ նշված չարաշահումները, արդյոք դրա կրկնապատիկը Սերժ Սարգսյանի սեղանին չեն: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ավելացնելով, որ ավելի մեծ խախտումներով շատ ցուցակներ կան իրականում:
«Արդյոք պետք էր այսպես մասսայական զարգացնել չարաշահումների թեման, թե այս հանցագործությունների դեմն առնելու համար 3 րոպեն էլ բավարար էր, որ Սերժ Սարգսյանը հրահանգ տար ու քրեական գործեր սկսեր չարաշահողների դեմ: Սերժ Սարգսյանն իրականում արդարադատության իրականացման մեխանիզմ չի օգտագործում. խախտումներն համընդհանուր են ու հատընտիր, պատահական երեւույթներ չեն, այլ վերեւից ներքեւ կազմակերպված համակարգային բնույթի»,- հայտարարեց պարոն Մանուկյանը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանի ձեռքին կա պատգամավորների ու պաշտոնյաների մասին մի դոսյե, որի շնորհիվ թե նրանք, քաղաքական դաշտը հնարավոր է լինում վերահսկելիության մեջ պահել: Պարոն Մանուկյանի խոսքերով` այդ դոսյեում նշված այն պաշտոնյաների անունները, որոնք այս կամ այն չարաշահումն են արել. «Ես ուզում եմ նաեւ նշել, որ փողը դուրս տանելու առումով ՀՀ-ն աշխարհի երկրների շարքում առաջին տեղերում է. փողը ՀՀ-ում պաշտպանված չէ, ու այն ռիսկի տակ է, բիզնեսն այստեղ պաշտպանված չէ»: Ապա դիմելով ներկա պատգամավորներին` նա հայտարարեց. «Ոչ մեկդ երաշխավորված չեք, որ հաջորդը դուք չեք լինելու, բոլորիդ մոտ էլ այդ խնդիրը կարող է չոքել ու պետք չէ այստեղ դիֆերամբներ ձոնել արդարադատության մասին: Արդարադատություն ընտրանքային է»:
Նա համոզված է` եթե Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշված չարաշահումները ներկայացվեն Գլխավոր դատախազություն, ապա Աղվան Հովսեփյանը կանի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը. «Մի մարդու կամքն է այստեղ որոշում: Հիմա ո՞ւմ եք վստահում` մի դատախազի, որի բիզնեսների մասին չխոսեմ էլ, բոլորիդ հայտնի է: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քաղաքական լծակ ու մահակ է` բիզնեսի դաշտը վերահսկելի դարձնելու համար, սա կեղծ բարեփոխումների ակցիա է ու արդարադատության իմիտացիա, ու ոչ մի լավ բան այստեղից մի սպասեք»:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են ունենալ հանձնաժողով, որն ինքը կվերանայի բոլոր գործերը` առանց վստահելու դատախազությանը:
Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նմանատիպ հաղորդումները հասցեագրված պետք է լինեն, ոչ թե լղոզված, որ իրենք կարողանան կոնկրետ հետեւողականություն ցուցաբերել: