Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ.Աբրահամյան. «Վախենում եմ պատասխանել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

Աններելի է, երբ հրապարակայնորեն խոսվում է հանրային փողերը թալանելու մասին, սակայն որեւէ բան չի արվում: ԱԺ արտահերթ նիստում այսօր վրդովված հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` կամ Վերահսկիչ պալատն է սուտ ասում, երբ ներկայացնում է հայտնաբերած չարաշահումները, կամ Կառավարությունը, երբ դրանք զանգվածային թալան չի որակում. «Այս բարձր ամբիոնից Վերահսկիչ պալատի նախագահի կողմից Քր. Օր-ի 15 հոդվածներով մեղադրանքներ առաջադրվեցին` սկսած վարկը աննպատակ օգտագործելուց մինչեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Եթե դուք ուզում եք ձեր ծրագրային դրույթներից որեւէ քայլ արվի, ապա պետք է անգամ խնդրեք ընդդիմությանը, որ գա ու մասնակցի պետականաշինության գործում, հակառակ դեպքում նորից կձախողեք ու սովորույթի համաձայն որեւէ պատասխանատվություն չեք կրի: Ինչպես ֆուտբոլային դիվանագիտության լեզվով կասենք` գնդակը ձեր դաշտում է, օգտվեք առիթից»:

Արտահերթ ելույթով հանդես եկած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ շատ պատգամավորներ Վերահսկիչ պալատի զեկույցից հետո պահը չկորցրին ու սկսեցին իրենց ձեռքերը տաքացնել. «Սակայն մի թելի պես մի միտք էր անցնում` իսկ հետո. կարծես ինչ-որ փակուղային վիճակում ենք»: Նա կրկին համագործակցության կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին:
Նրա ելույթից հետո ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղից սկսեց դժգոհություններ հայտնել, սակայն նրա բարձրախոսը չմիացրին: Նրան արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ասելով. «Պարոն Ջհանգիրյան, ոչ թե չեմ ուզում, այլ վախենում եմ պատասխանել»:

«Ժառանգություն» խմբակցության անունից հանդես եկավ Ռուբեն Հակոբյանը` նշելով` ողջունելի է, որ հիմա խոսում են մեր ընդհանուր ցավերի մասին. «Բյուջեն թալանվում է, Վերահսկիչ պալատն ահազանգում է ԱԺ-ին, որն իր սահմանադրական իրավունքներով կարողանա սանձի այս չարաշահումները: Եթե ոչ, ապա այս ամենն ընդամենը շոու է հանրության համար, թե տեսեք շահագրգռվածություն կա հարց լուծելու: Ռուսական մի առած եմ ուզում նշել` գայլերը մնում են կուշտ, ոչխարներն էլ կամաց-կամաց գոյատեւում են»:
Նա նոնսենս համարեց այն, որ Վերահսկիչ պալատը կարեւորագույն փաստաթուղթ է ներկայացնում, սակայն գլխադասային հանձնաժողովն ասում է` ժամանակ չունի այն ուսումնասիրի. ուզում են շառից-փորձանքից հեռու մնալ. «Եթե հումոր էր այն, որ իշխանություններն օգտագործում են ընդդիմության գործիքներն ու իրենք են քննադատում, ապա դա անհաջող հումոր էր: Պետք է հիշել, որ կազմակերպված հանցագործություն է իրականացվում բյուջեի դեմ: Մենք դիմում ենք Վերահսկիչ պալատին` բոլոր նշված դրվագներով դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն: Եթե սա նորից պետք է շոու լինի, ապա մենք դրանցից հոգնել ենք»:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված վիրավորանքներին, թե նա ասես մայրուղի է դուրս եկել: Պարոն Հակոբյանը նշեց մի քանի փաստարկներ, ըստ որոնց` հենց խորհրդարանական մեծամասնությունն է իրենց սխալ դրսեւորում. «Հիմա դե ասեք, ո՞վ է մայրուղի դուրս եկել` կողմնորոշվեք»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ Վերահսկիչ պալատի զեկույցով իրականում չեն գրգռում ժողովրդին. «Նա լավ գիտի, որ գանձագողություն կա երկրում, մենք բոլորս էլ ընդունում ենք, որ կա արտագաղթ եւ գնում են ոչ լավ կյանքից»:

Ըստ նրա` ազգովի պետք է կարողանան լուծել առկա խնդիրները. «Մի որոշ ժամանակ հետո կգա ոտքերն ամպոտ մեկը ու կփորձի երկիրը դուրս բերել այս վիճակից, սակայն պետք է հիշել` պետությունը պետք է կառուցվի այլ սկզբունքով, ինչպես նաեւ` հիշել, որ ով էլ գա իշխանության, նա իր շահերից ելնելով է կառավարելու. Մի ղեկավարը մի քիչ ավելի, մեկը` մի քիչ պակաս: Իրականում պետությունները կայանում են այն ժամանակ, երբ պաշտոնյային նման բան չի թույլատրվում: Վերահսկիչ պալատը որպես ինստիտուտ պետք է կայանա»: