Նիկոլ Փաշինյանը քննադատեց բոլորին (տեսանյութ)
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խոսում է այլոց չարաշահումների մասին` անտեսելով իր շքեղ առանձնատան վրա ծախսված գումարները: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարստությանը. «20-ամյա պաշտոնավարման ընթացքում նա ՀՀ խոշորագույն սեփականատերից մեկն է դարձել, հիմա նա փնտրում ու փնտրում է ու չի գտնում նրանց, որոնք թալանում են մեր հայրենիքը»:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի մասին խոսելիս՝ նա ընդգծեց, որ Բնապահպանության նախարար լինելու տարիներին նրա անունը կապվում էր ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ, իսկ հիմա նա պահանջում է հայտնաբերել թալանչիներին: Նույնն էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերաբերում է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ԿԲ կառավարման ժամանակ ՀՀ-ն զրկեց ոսկու պաշարներից:
«Այս ամենից ես հասկանում եմ, որ տեղի է ունենում իշխանության երկվություն` համ կոռումպացված է, համ էլ պայքարում է դրա դեմ, համ ապօրինի է, համ պայքարում է դրա դեմ, համ 2008թ. մարտի 1-ին գնդակահարել է սեփական ժողովորդին, համ ուզում է բացահայտել այդ դեպքերը, համ ստիպում է արտագաղթել, համ պայքարում է դրա դեմ: Իշխանությունները կաթիկլ առ կաթիլ լցնում են ժողովրդի համբերության բաժակը: Այս ամենի բացատրությունը մեկն է` այսպիսով նրանք գոլոշի են բաց թողնում ու փակուղի են մտցնում կուռուպցիայի դեմ պայքարը»:
Նա նաեւ անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի չարաշահումներին: «Չարակամները երեւի հերյուրանքներ են տարածում Սաշիկ Սարգսյանի մասին` փայ մտնելու մասին. հայ հանրությունը չի հավատում դրանց ու հավատում է, որ Սերժ Սարգսյանը պայքարելու է ապօրինությունների դեմ»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա համար տարօրինակն այն էր, որ Իտալիայի նույն քաղաքում` Հռումում, ՀՀ-ն բացել է երկու դեսպանություն. «Վատիկանում դեսպանություն բացելու իրական նպատակն այն էր, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները փեսայի` Միքայել Մինասյանի գլխավորությամբ Հռոմի պապի հետ լուսանկարվեն ու բարձրաշխարհիկ զրույցներ ունենան»: