Ընտրությունները կդիտարկի ընդամենը մեկ դիտորդ
Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի հունիսի 23-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության մեկ դիտորդ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից:
Գյուղապետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը, ով մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարազատ եղբայրն է:
Սուրենավանի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացնելու համար ձևավորված է մեկ ընտրատեղամաս: Ըստ գյուղապետի նախորդ՝ 2012թ.-ի սեպտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքների արձանագրության, Սուրենավանի ընտրողների ընդհանուր թիվը 1 953 է: