Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլինի՞ երկխոսություն Ստամբուլում

Քաղաքականություն
2c708f3a806972e315d3895df0618b07

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպած հակակառավարական բողոքի մասնակիցների համաձայն, վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը:

Էրդողանի հետ հանդիպած ընդդիմության պատվիրակության կազմում էին երաժիշտներ, դերասաններ և երգիչներ: Պատվիրակության անդամների համաձայն, դատարանի կողմից կառավարության օգտին որոշում կայացնելու դեպքում զբոսայգու կառուցապատման նախագիծը կդրվի հանրաքվեի:

Ստամբուլի Գեզի այգում հավաքված ցուցարարները խոստացել են չլքել զբոսայգին՝ չնայած Էրդողանի կողմից ցուցարարներին նախօրեին տրված «վերջին նախազգուշացման»:

Վարչապետ Էրդողանն ասել էր, թե ոստիկանությունը 24 ժամվա ընթացքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակից կհեռացնի «բոլոր խռովարարներին», սակայն ուրբաթ առավոտյան հրապարակում դեռևս կային բազմաթիվ ցուցարարներ:

Թուրքիայում երկու շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերի ընթացքում, որոնք ցրելու համար ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ և լուսաձայնային նռնակներ, զոհվել է չորս մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 5 հազար ցուցարար, ձերբակալվել է բողոքի ցույցերի մի քանի հազար մասնակից:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջենիֆեր Փսաքին ասել է, թե Միացյալ Նահանգները ողջունում են երկխոսության միջոցով Թուրքիայում առկա խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Արտգործնախարարության խոսնակը նշել է սակայն, որ Միացյալ Նահանգների անհանգստությունն են առաջացնում բողոքի ցույցերի լուսաբանումն իրականացնող լրատվամիջոցների նկատմամբ ճնշում գործադրելու մասին հաղորդագրությունները:

«Ամերիկայի ձայն»