Նիկոլ Փաշինյանը տարբերակել կարողանում է (տեսանյութ)
«Այն, որ 2012թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ կասկածի տակ առնվեց տնտեսական աճի վերաբերյալ ցուցանիշները, դրանք ընդամենը ծաղիկներն են այս փաստաթղթի». այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ բյուջեի փաստաթղթում նշված հետեւյալ տողերին. «ՀՀ-ն սեփական արբանյակի արտադրման եւ գեոստացիոնար ուղեծրի վրա տեղադրելու համար ստեղծել է «Արմկոսմոս» ՓԲԸ-ն: ՀՀ-ն այսուհետեւ միանշանակ լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել տիեզերական տարածության վրա՝ բաց տիեզերքի օգտագործման համար»:
Անդրադառնալով մայրաքաղաք ներկրված ավտոբուսների խմբաքանակներին՝ պարոն Փաշինյանը հայտարարեց. «Դեռ շնորհակալություն պետք է հայտնենք, որ միանգամից տիեզերանավերի արտադրություն չեն արել: Կներեք, անձնական վիրավորանք չընդունեք, բայց կառավարությունը հայ ժողովրդին մատուցում է նյուվասյուական ծրագրեր»:
Նա հայտարարեց, որ դեմ է քվերակելու հաշվետվությանը, քանի որ ի դժբախտություն ոմանց, ինքը կարողանում է տարբերակել հերյուրանքը իրականությունից:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյան «ղժալու աստիճան խնդալու» համարեց հաշվետվության մեջ նշված տնտեսական աճը:
Միակ դրական միտումը, որ նա տեսել է բյուջեի կատարողականում, դա այն է, որ այդ փաստաթղթում նշված է՝ բյուջեն ոչ միայն պետք է կատարվի, այլ գերակատարվի, քանի որ ընդուվել է շատ ավելի ցածր մակարդակով. «Սրանով դրական վերաբերմունքը սպառվում է: Իսկ ինչ վերաբերվում է տնտեսական աճին, ապա այն նկարված է. բուսաբուծական արտադրանքը բաժանեք մարդու վրա, մարդու միջին քաշը ստացվում է 165 կգ»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ 2012թ. պետական բյուջեի կատարողականը չի կարող արժանանալ դրական վերաբերմունքի: