Պատգամավորների տրամադրությունը բարձր էր
5 դեմ, 87 կողմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջան միջազգային դպրոց» -ին արտոնություններ տրամադրելու նախագիծը։
Դեմ քվեարկեցին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանագության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից Գուրգեն Արսենյանը, Նաիրա Զոհրաբյանը, ձեռնպահ էին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ 7 պատգամավորներ ԲՀԿ-ից:
Մինչ քվերակությունը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն հայտարարեց, որ իրենք առաջարկ ունեն երկու կետից բաղկացած, որոնցից առաջինը վերաբերում է լեզվի խնդրի լուծմանը. «ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ ուսանողների համար միջազգային բակալավրիատի կազմակերպման ժամանակ դիպլոմները պետք է տեղայնացվեն հայերեն: Երկրորդ ընթերցման ժամանակ մենք կողմ ենք քվեարկվում, եթե այս առաջարկներն ընդունվեն»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անունից լիազորված է ասել, որ եթե վերոնշյալ առաջարկեը ընդունվի, ապա իրենք կպաշտպանենք դպրոցաշինության այդ նախաձեռնությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու՝ ակնկալելով, որ այն առաջարկները, որոնք հնչեցին ԱԺ-ում, կընդունվեն ու ըստ այդմ էլ իրենք կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս հայտարարեց, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնությունը շատ շահեկան առաջարկություններ է արել, որոնք կմեղմեն այս նախագիծը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկ երեկոյան իրենք հանդիպել են այդ նախաձեռնության անդամների հետ եւ նրանց առաջարկները խիստ տրամաբանական են եւ բխում են ՀՀ աշակերտների շահերից: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ բոլոր այդ առաջարկները պետք է արագ իրենց փոխանցել:
Ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը բոլոր պատգամավորների անունից հայտարարեց, որ իրենց տրամադրությունը երեկ տեղի ունեցած Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի հաղթանակից հետո շատ բարձր է: