Պատգամավորի կյանքն էլ կյանք չէ՞
Հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կյանքը անցյալ տարվա 7,2 տոկոս տնտեսական աճի արդյունքում չի լավացել
«Ոնց ապրել եմ, նույն ձեւ էլ ապրում ենք»,-ասում է նա։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանն էլ ուրախանալու առիթ չունի՝ կյանք է, պատգամավորի աշխատավարձով առաջ է գնում
«Տարբերությունն այնքան քիչ է տնտեսական աճի, որ պրակտիկորեն մարդը չի կարող իրա վրա զգալ»,-ասում է նա։
Վարդան Այվազյանի պատգամավորական 260 հազար դրամ աշխատավարձն այլեւս նախկին գնողունակությունը չունի
«Էն ժամանակ մեկ դոլարը 300 դրամ էր, հիմա դարձել է 400, այսինքն, այդ դոլար-դրամային հարաբերակցության պարագայում եթե գնաճն էլ համեմատենք այս ամբողջ տարիների ընթացքում, մենք ունեցել ենք կորուստ»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը։
ՀՀԿ-ն ասում է, որ 7,2 տոկոս տնտեսական աճը հաջորդել է 11 տոկոս անկման, ահա ինչու քաղաքացին, ըստ նրա, աճի դրական ազդեցությունն իր կյանքում չի զգում։
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ հպարտանալու առիթ չունի տնտեսական աճից, կորուստներ էլ չունի. « Աճի դեպքում մարդ կորցնու՞մ ա ինչի»։։
Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այնքան միամիտ չէ, որ ասի, թե ժողովուրդը լավ կապրի, եթե տնտեսական աճը լինի երկնիշ. «Մարդու պահանջները առաջանցիկ տեմպով են աճում, քան տնտեսությունը կարող է բավարարել»։
35 տոկոս աղքատություն ունեցող երկրում ի՞նչ առաջանցիկ պահանջներ պետք է ունենա միջին վիճակագրական աղքատ մարդը։ Գլխավոր գանձապետը պարզ ասում է՝ աղքատ չլինելը։
«7,2 տոկոսը որ բավարար լիներ, մեր մոտ էդ չափի աղքատություն չէր լինի, բայց հավանաբար բավարար կլինի, որ կրճատվի աղքատությունը»,-ասաց նա։։
Գլխավոր գանձապետի տեղեկություններով, 2011-ին, երբ գրանցվեց 4,6 տոկոս տնտեսական աճ, աղքատությունն ընկավ 0,8 տոկոսով։ Այս տարի, նախատեսում են 6-7 տոկոս տնտեսական աճ, չհաշված 4 տոկոս գնաճը գազի թանկացումից առաջ։