Գումարում-հանում... իսկ արտագա՞ղթը
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2012թ.պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կատարողականը ներկայացնում է մի մարդ, որ կառավարության կազմում այս ամբողջ ընթացքում չի եղել. «Ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնց պատասխանելը վարչապետի համար առանձնապես հեշտ չէ, սակայն բյուջեն ամենեւին հաշվապահական թվերի գումարում-հանում չէ, այլ դրա համար պատասխանատու է կառավարությունն առաջին դեմքով»:
Պարոն Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ այն, թե պետական բյուջեից աշխատավարձ ստացող կառավարության անդամներն ինչ են անում երկրի տնտեսությունը «ջղայնացած տեմպերով» զարգացնելուց դուրս ազատ ժամանակ:
Նա մասնավորապես անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վարչապետը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ օֆշորային գոտում իրականացրել է մութ գործարքներ:
Նախարար Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորի ելույթի առաջին հատվածն ընդամենը տեսակետի արտահայտում էր. «Ով էլ լիներ նախարար, նա պետք է հաշվետվություն տա»:
Ինչ վերաբերում է օֆշորային գոտու գործարքին, ապա նախարարի վստահեցմամբ, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Դրանք հերյուրանքներ են ու վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին, որ պարզեն, որտեղից են այդ տեղեկությունները»։
Այս պատասխանը զարմացրեց Նիկոլ Փաշինյանին. «Փոխանակ դատախազությունը դիմեր վարչապետին, վարչապետն է դիմո՞ւմ դատախազություն: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր՝ սկսած մարտի մեկից, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ դատախազությունը չի տվել: Այս գործով էլ մի 10 տարի կզբաղվեն, 20 տարի կուսումնասիրեն ու հետո կգան բան, չեն ասի»:
«Պարոն Փաշինյան, ինձ մոտ այն տպավորությունն է, որ դուք հարց եք տալիս, ոչ թե պատասխան լսելու, այլ ձեր հարցը հնչեցնելու համար»,-ասում է նա։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ 2012թ. պետական բյուջեից 207 մլն դրամ է ծախսվել գնումների համար. «Վերահսկիչ պալատի զեկույցում նշված է, որ գնումների ոլորտում չարաշահումները համակարգային բնույթ են կրել: Օրինակ՝ բերվել է երկու զուգարան, որ տաս անգամ թանկ գնով են բերել, տեխնոպարկի ստեղծման տապալում: Գնումների որեւէ գնահատական արե՞լ եք, թե պետական միջոցների որ տոկոսներն են
գողացվել, մսխվել»:
Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ գնումների ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ դրանք տարբեր բնույթ են կրում. «Մի շարք փոփոխություններ ենք արել, օրինակ, հսկիչ գների ինստիտուտն ենք ներդրել, որ որոշակի գնի շեմից ավելի գնումներ անել այլեւս հնարավոր չէ»:
Պարոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախարարն իր հարցին չպատասխանեց եւ միաժամանակ ավելացրեց. «Ինչպե՞ս են համատեղվում ձեր գնահատականները տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ 250 հազար արտագաղթած մարդկանց թվի հետ, երբ ունեք նման հոյակապ բարգավաճում»:
Նախարարի պատասխանն այս անգամ եւս խիստ լղոզված էր: