Տրասպորտը կթանկանա, մետրոն՝ ոչ (տեսանյութ)
Չի բացառվում, որ գազի սակագնի բարձրացումը թանկացնի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։
«Կախված սակագնից՝գազի և վառելանյութի, չեմ բացառում։ Մինչև սակագինը չլինի և հաշվարկ չկարողանանք մենք կատարել, ես չեմ կարող ասել 150 կդառնա, 110 կդառնա, 120 կդառնա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սոցիալական բողոքի պատճառ չի հանդիսանա, հուսով է Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը. «Եթե խելամիտ ձևով բարձրացվի, ժողովուրդն էլ կհասկանա, որ եթե տրասպորտն այլ վիճակով աշխատելու հնարավորություն չունենա ուզած-չուզած կարող է և բարձրանա»։
Հենրիկ Նավասարդյանը շտապեց հանգստացնել՝ մետրոյի ուղեվարձը հաստատ չի թանկանալու. «Որովհետև առաջիկա տարում է բարձրացել, մնացածը չեմ կարող ասել, մինչև կոնկրետ հաշվարկներ չտարվի»։
Քաղաքային երթուղիների մրցույթին մասնակցելու ժամանակ տնտեսվարողը կարող է ցանկացած սակագին ներկայացնել փակ ծրարով՝ տվյալ երթուղու համար։ Պարոն Նավասարդյանը վստահեցնում է, որ օրենքն է թույլ տալիս ցանկացած ժամանակ մրցույթին ներկայանալիս նոր սակագին առաջարկել։
«Մենք ոչ մի սակագին այսօրվա վիճակով չունենք գազի հետ կապված, թե ինչքանով կվաճառվի գազալցակայաններում, որպեսզի կարողանանք հաշվարկներ կատարել»,-ասաց նա։
Տրասպորտի թանկացման վերաբերյալ հստակ որևէ բան չհայտնեց նաև Կապի և Տրանսպոտրի նախարար Գագիկ Բեգլարյանը։
«Երբ որ մենք կոնկրետ մեր հաշվարկները կունենանք, կփորձենք ամեն ինչ անել, եթե թանկանա էլ գոնե շատ չնչին չափով»,-ասաց նա։