«Առանց փայ ոչինչ չի լինում»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար ողջունելի են ներդումները, սակայն «Դիլիջան միջազգային դպրոցի» հիմնադրման հարցը որոշ հարցեր է առաջացրել:
Նա համաձայն է Հովիկ Աբրահամյանի հետ, որ մեր տարածաշրջանը բավականին ռիսկային է եւ, ի վերջո, ունենք ԼՂՀ հիմնախնդիրը. «Ես ճանաչում եմ հիմնադրին, նա վայելում է ռուսաստանյան ինտելեկտուալ բիզնես միջավայրի հարգանքը, անձամբ ես վստահում եմ այդ անձնավորությանը, եւ նրա նախաձեռնությունը հրաշալի, բարի նպատակ է, եւ մեր պետության վարկանիշին ինչ-որ բան այն կավելացնի: Այլ հարց է, թե ինչքանով է հնարավոր այս նպատակն իրականացնել»:
Ըստ նրա՝ կան շատ մտահոգություններ, որոնք տառապանքի փորձով են ամրագրված. «Խնդիրը սատանա մանրուքների մեջ է: Ինձ համար համոզիչ չէ, որ այդ դպրոցում բարձրագույն կրթություն ստացածները կմնան երկրում, քանի որ նրանց համար տեղ չկա մեր երկրում: Դպրոցի նպատակները բարի են, սակայն համոզիչ չեն: Չորը թացից տարանջատենք: Մենք պետք է դեմ քվեարկենք այս օրենքին, պետք է նրա ծրագիրը դետալացվի, որ մենք ինքներս մեզ հարգենք, որ մեզ չեն խաբել»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իրենց խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն ասում, որ ներդրումները վատ են, ընդամենը ցանկանում են տեղեկացված լինել. «Ներդրողը կհարգեր իր հայրենի խորհրդարանը, ու մեր քննարկումների արդյունքում չէր թողնի ու հեռանար: Մեր խմբակցության դիրքորոշումն այն է, որ կառավարությունն իր մեջ պետք է ուժ գտնի ու հետաձգի նախագծի քննարկումը, թեեւ այն արագացված ընթացակարգով է»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն արդեն մեծ զիջում արել են՝ դպրոցի ուսուցման լեզվի հարցը. «Մենք ոչ մեկս դեմ չենք ներդրումներին, մենք շատ ուրախ ենք նույնիսկ, թեեւ գիտենք, որ առանց փայ ոչինչ չի լինում, թեեւ «Ամերիա» բանկով են լինելու այդ փոխանցումները: Ես չեմ վստահում այդ բանկին, փորձեք փարատել անվստահությունս, հատկապես վարչապետի հետ կապված դեպքերից հետո, որ չի լինի փողերի լվացում: Կրթական կոմպոնենտը թիվ մեկը պետք է լինի՝ հիմնարկ բացելու համար, այլ ոչ թե ներդրումներին ենք մենք դեմ»:
ՀՀԿ պատագամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ իր համար արդեն զավեշտ են թվում այս քննարկումները. «Ես չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Չգիտեմ՝ ինչ խոսեմ: Լավ, հասկացանք ընդդիմություն եք, բայց չի կարելի ամեն ինչին դեմ լինել. հստակ ծրագիր կա, դե ցույց տուր երկրորդին, որ այդքան փող է բերում ՀՀ: Դե լավ էլի: Ես համոզված եմ, որ այս նախագիծն անցնելու է ու կոչ եմ անում, որ նոյնիսկ առանց մի կես տոկոս կասկածելու կողմ քվեարկել»: