Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու կազմում իրենք մենակ են մնալու (տեսանյութ)

Քաղաքականություն
a0eb7330ee7390c320410c9871342a75

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներն այսօր չեն մասնակցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, ի նշան բողոքի, որ Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվել էին։

« Մենք չէինք կարող ճանաչել մի ընտրությունների օրինականություն, որի ժամանակ մենք Ոստիկանություն ենք ուղարկել տեղի ունեցած հարյուրավոր խախտումների մասին հաղորդագրություններ»,- նշեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենց մանդատները վերցրել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ձայն են տվել իրենց։

«Ընտրողներից ստացել ենք մեր վեց մանդատը, մենք այս պահի դրությամբ անելու ենք այն, ինչը որ թույլ է տալիս այդ վեց մանդատը»,-ասաց նա։

Անահիտ Բախշյանը ավագանու կրթության եւ մշակույթի հանձնաժողովի անդամ է։ Նա վստահեցրեց, որ հնչեցնելու է բոլոր այն անօրինականությունների մասին, որոնց մասին տեղեկություններ կստանա քաղաքացիներից։

Անահիտ Բախշյանը մտահոգված է հատկապես մանկապարտեզների խնդիրներով։ «Արդեն երկու տարի է Երևանի թիվ 1 մանկապարտեզը փակված է իբրև թե վերանորոգվելու համար, բայց մինչ այսօր դեռ չի նորոգվել։ Մեկ այլ մանկապարտեզ սեփականաշնորհված է, և տերը այն պետությանը վարձով է տալիս որպես տեղամաս»։

Դավիթ Սանասարյանը ավագանու կազմում իրենց գործունեության մասին ասաց. «Մենք չենք գնում, որ քվեարկությամբ ինչ-որ որոշում կարողանանք իրականացնել, մենք գնում ենք, որ ժողովրդի շունչը զգացվի ավագանիում»։

Բարեւ Երեւան դաշինքի անդամները խոսեցին նաեւ ավագանու կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարքագծի մասին։ Դավիթ Սանասարյանը հույս հայտնեց, որ ԲՀԿ-ն իր որդեգրած ընդդիմադիր կեցվածքը կշարունակի մինչև վերջ, ինչին հակադրվեց Անահիտ Բախշյանը՝ հարցնելով. «Դու դեռ հո՞ւյս ունես»։
Ստեփան Սաֆարյանն էլ ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ այն ըմբոստությունը, որը ԲՀԿ-ն էր ցուցաբերում, ավագանու նիստում նրանց կեցվածքի հակառակ պատկերն է։ «ՀՀԿ-ն փորձում էր ասել՝ մի խառնվեք, մենք իրար հետ շատ լավ ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շատ տեսանելի է, որ ավագանու կազմում իրենք մենակ են լինելու։