Փողերի լվացո՞ւմ
«Դիլիջան միջազգային դպրոց»-ի հիմնադրումը պետության դեմ ուղղված հանցագործությունն է, որին մասնակից են ուզում դարձնել նաեւ ԱԺ-ին: Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ժառագություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ ինչ է նշանակում խորհրդարան բերել մի օրենք, որն իր մեջ չունի ծրագիր. «Հարկային արտոնություններ տրամադրել ներդրում կատարող մի կազմակերպության, որը շահույթ հետապնդող է, եւ մենք էլ ստացվում է մասնակցում ենք կոռուպցիոն բնույթի մի գործարքի»:
Տիկին Փոստանջյանը նշեց, որ այդ դպրոցի ներդրողներն անհատներ են, որոնք այսօր կան, վաղը չկան. «Ո՞վ է նրանց համար երաշխավոր լինելու: Այս օրենքի տակ ես ավանտյուրա եմ տեսնում, որի նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է. հիշում եք կար ժամանակին նման մի ավանտյուրիստական նախագիծ՝ «Արմենիկում»: Այս դպրոցի հիմնումը մեր երկրի շահերի դեմ է: Այս դպրոցը պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում»:
Նա կոչ արեց պատգամավորին դեմ քվեարկել այս նախագծին, ու կառավարությունից պահանջել ներկայացնել հստակ ծրագիր ու ժամանակացույց:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս հայտարարեց, որ ինքը դեմ է այս օրենքի նախագծին. «Ես ունեմ հիմնարար պատճառներ. ո՞վ է տեսել 80 մլն դրամի հարկային արտնություն ուզել՝ առանց ծրագիր ներկայացնելու: Ոչ մի օլիգարխ նման բան իրեն թույլ չի տվել՝ պետությունից նման արտոնություն ուզել: Օրենքի այս նախագիծը հազար ու մի հարցեր է ներառում, ընդհուպ մինչեւ փողերի լվացում: ԱԺ-ն իրավունք չունի օրենք ընդունել՝ չիմանալով ինչի մասին: Եթե բիզնեսն ի սկզբանե ճիշտ չի դրված եւ հետեւաբար չի կարող կայուն լինել»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ «Դիլիջան միջազգային դպրոց»-ում ավագ դպրոցի 650 աշակերտներ ու 60 դասախոս կլինեն, եւ 10 աշակերտին մեկ ուսուցիչ կհասնի. «Կրթական առումով որեւէ խնդիր չկա, շինարարական աշխատանքների համար ժամանակացույցը պետք է ներկայացվի: Եւ իսկապես, նման մեծ ներդրումներն աննախադեպ են»:
ՀՀԿ պատգամավոր Արրտակ Դավթյանն էլ հայտարարեց, որ այս նախագիծը ներդրումային արժեք է ու կատարվում ամենաարդյունավետ ոլորտում՝ կրթությունում: Ի դեպ, դպրոցի տարեկան վճարը կկազմի 30 հազար ԱՄն դոլար: Օրենքի այս նախագիծն առաջին ընթերցմամբ պետք է ընդունվի արագացված ռեժիմով: