Ստամբուլում պայթեց կուտակվա՞ծ զայրույթը (տեսանյութ)
Ստամբուլի Գեզի այգու համար բարձրացված մեծ աղմուկն արդեն դուրս է եկել քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների սահմաններից , վստահ է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Նա հատկապես հետաքրքիր է համարում, որ պայքարին են միացել անգամ թուրքական մի շարք ֆուտբոլային ակումբների ֆան խմբերը.
«Իր գործողություններով ու ոստիկանության դեմ խիստ դիմակայությամբ հատկապես աչքի ընկավ Բեշիքթաշի «Չարշա» ֆանակումբը: Նրանց ղեկավարը, ի դեպ, հայ է Արեն Մարգարյանը: Սա շատ հետաքրքիր փաստ է»:
Ըստ թուրքագետի՝ «Նոր Զարթոնք» հայկական շարժումը, որը նույնպես, Գեզի այգու խռովությունների ակտիվ մասնակիցներից է, իհարկե հայապահպանության տեսանկյունից, անգնահատելի գործ է անում, սակայն այստեղ, Անդրանիկ Իսպիրյանը վտանգ է տեսնում. «Սա կարող է, իշխանության համար դառնալ առիթ, որպեսզի նրանք հայտարարեն, որ այս ամենի հետեւում հայերն են կանգնած: Հուսով եմ, այս ամենի ավարտից հետո հայերը թիրախ չեն դառնա»:
Թուրքագետը նաեւ համոզված է, որ այս բողոքի ալիքն ավելի շատ բարձրացավ ոչ թե բնապահպանական նկատառումներով, այլ Էրդողանի նկատմամբ կուտակված ատելության համար. «Կուտակվել էր զայրույթ Էրդողանի նկատմամբ, նրա վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության պատճառով։Գեզի զբոսայգին ուղղակի առիթ էր»: