Քաղաքապետը չգիտի՞ ուղեվարձի նոր գինը (տեսանյութ)
Նորընտիր ավագանու առաջին նիստում Տարոն Մարգարյանը պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ Նիստից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։
Արդյո՞ք էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացումից հետո ինչքանո՞վ կթանկանա տրասպորտը։
«Տրանսպորտի թանկացման հետ կապված մասնագետներն աշխատում են, մասնագետների աշխատանքից հետո, տնտեսագետների հաշվարկից հետո նոր մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Դեռ չի քննարկվում թանկացման առումով, բայց հաշվարկներ են կատարվում։ Հիմա պետք է հաշվարկները կատարենք, որ հասկանանք՝ արդյո՞ք թանկանալու է, թե չի թանկանալու»,-ասաց նա։
Տարոն Մարգարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Հանրապետության հրապարակի արդիականացմանը և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճարտարապետական բաց մրցույթին։
«Մենք ոչ միայն Հանրապետության հրապարակի մասով ենք բաց մրցույթ հայտարարել, երկուշաբթի մենք կհայտարարենք քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանսիական, Բրազիլական և ծայրամասային մի շարք հրապարակների համար բաց մրցույթ։ Մասնագիտական կարծիք է անհրաժեշտ ճարտարապետների կողմից, պետք չէ միշտ վատը նայել էդ ամենին, իրականում մրցույթը կայանալու դեպքում, դա չի նշանակում, որ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու այդտեղ։ Մրցույթը կարող է արդյունք չտալ, մրցույթը կարող է իրականում այն արդյունքը տալ, որն ընդունելի լինի մեր երևանցիների կողմից։ Ես վստահեցնում եմ, որ բացի ճարտարապետների կարծիքից, կլինի նաև երևանցիների կարծիքը։ Այն ժամանակ կանդրադառնանք, երբ որ երևանցիներն իրենց համաձայնությունը կտան, երբ որ բոլոր հասարակական կազմակերպություններն իրենց համաձայնությունը կտան, և երբ որ ունենանք հնարավորություն։ Մրցույթներն ընդամենը կարծիքներ ձևավորելու համար են»,-նշեց Տարոն Մարգարյանը։
«Ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին Երևան քաղաքի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնել, անպայման, օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն։ Փակ շուկայի դեպքում իրավական երկու արձանագրություններից հետո անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեցին ու ապամոնտաժման աշխատանքներ կատարվեցին»,-շարունակեց Տարոն Մարգարյանը։
Երևանի ավագանու նորընտիր անդամների այսօր նիստին ներկա են եղել ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան», անդամները և «Բարև Երևան» դաշինքի 5 անդամները։
Օրակարգի համաձայն, Երևանի ավագանին նաև հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուրեն Ներսիսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը և «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։
Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարության համաձայն, հրաժարվել են մասնակցել քվեարկություններին: