Շարմազանովը՝ բիլակների, հաստավիզների մասին
«Անկախ դիրքից, պաշտոնական կապերից, կուսակցական պատկանելիությունից, բարեկամական կապերից յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսկացության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝անդրադառնալով օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած միջադեպին։
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ քաղաքական կուսակցությունները այս հարցում անելիք չունեն եւ որ խնդիրը իրավապահների տիրույթում է։
Նա այսօր անդրադարձավ այն գնահատականներին, թե փորձ է արվում քողարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեղքը։
«Ես առհասարակ համամիտ չեմ առանց փաստերի կարծիքներ հայտնելուն, եթե ընդդիմությունը, իշխանությունը, սովորական քաղաքացիները ունեն փաստեր, ապա այդ փաստերը պետք է ներկայացնեն համապատասխան իրավապահ մարմիններին։ Այլ ճանապարհ քաղաքակիրթ աշխարհը չի հորինել»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի կարծիքով շտապ գնահատականներից պետք է խուսափել։ Նա վստահեցրեց, որ իրավապահ մարմինները օպերատիվ եւ հրապարակային են աշխատում եւ հորդորեց բոլորին, փաստ ունենալու դեպքում, այն ներկայացնել պատկառ մարմիններին. «Այն որ Գորիսում տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, դատապարտելի դեպք, որին, ի դեպ, առաջիններից մեկը արձագանքեցի ես, փաստ է։ Այն որ ուժով, զոռբայությամբ, բիլակով, հաստավզությամբ հարցեր լուծելը պետք է մերժվի, եւս փաստ է, բայց այստեղ անելիք ունենք բոլորս, խնդրում եմ, որ ոչ մեկ իրավապահ մարմնի կամ դատավորի ֆունկցիան իր վրա չվերցնի»։
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյուքում զոհվել է մեկ, վիրավորվել երկու քաղաքացի։
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ նիստում այս հարցը քննարկվել է, բայց.
«Թե ով կլինի Սյունիքի նոր մարզպետը, մենք չենք քննարկել: Կուսակցությունից հեռացնելու հարց եւս չի քննարկվել»։
Կադրային այլ հարցեր նիստում, ըստ Շարմազանովի, չեն քննարկել:
«Նիստում վարչապետի մեղադրանքի մասին հարցը եւս չի քննարկվել, քանի որ իրավական բնույթի խնդիրները պետք է լուծեն դատարանները»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություններից մեկի բաժնետեր լինելու մասին տեղեկատվությանը նիստում անդրադարձ եղել է, թե ոչ՛