Որտե՞ղ է իմ հայրենիքի ոսկին (տեսանյութ)
Օֆշորային սկանդալի մեջ մեղադրվող հոգեւորական Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ, սկանդալի մեկ այլ մասնակից Աշոտ Սուքիասյանը, ըստ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի, աղանդավոր է։
«Աշոտ Սուքիասյանը,-ասում եմ իրա բառերը, որ ասել ա ինձ,-որ եկեղեցիներում որպես կանոն սատանաներ են հավաքվում»,- հայտարարեց նա մամլո ասուլիսին։
Աշոտն իր ոսկերչական գործարանում մոտ 30 հոգու համար ավետարանական ընթերցումներ էր կազմակերպում, դրանցից մեկին ներկա է եղել նաեւ Գուրգեն Եղիազարյանը. «Ինձ մի բան ա հետաքրքրում, օրինակ ուզում եմ Վեհը սա լսի. Ի՞նչ գործ ունի Էջմիածնի, մեր Արարատյան թեմի առաջնորդը մի մարդու հետ, որը ուղիղ զբաղվում էր Էջմիածնից դուրս հոգեւոր գործունեությամբ»
Պարոն Եղիազարյանն արդեն հասկացել է, թե ինչպես են աղանդները բարգավաճում Հայաստանում Բավական է, որ հայ մարդը տեսնի, թե ինչպիսի մարդիկ են մեր հոգեւորականները. «Օրինակ, մեկը որ Կճոյանի կերպարը տեսնի, բա սեկտայի անդամ կդառնա: Ես սեկտանտ չեմ ճանաչում, որ սրա կերպարն ունի»։
Օֆշորային սկանդալի մեկ այլ մասնակից, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին Գուրգեն Եղիազարյանը բացահայտումներ անելու կարիք չունի:
«Նրան որ տեսնեք, անմիջապես հարցրեք, որտե՞ղ ա մեր` իմ եւ ձեր Հայրենիքի տոննա ու կես ոսկին, որը բարով-խերով թղթի հետ փոխեց, որից հետո ոսկին անընդհատ թանկացավ եւ մեզ պատճառեց 50 միլիոն դոլարի վնաս»,-ասաց նա։
Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ Գուրգեն Եղիազարյանը ոչ մի փաստի չի տիրապետում պարզապես չարախոսում է, ընդ որում ոչ միայն օֆշորային սկանդալի մասնակիցներին, այլեւ Սերժ Սարգսյանին:
Հանրապետական պատգամավորը համերաշխության եւ միասին աշխատելու կոչ է անում: Մեղադրանքները նրա սրտով չեն, Օրինակ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, որ գազը թանկացել է։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը սպասում էր, որ ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը ծրագրեր եւ առաջարկություններ կունենա ուղղված հանրապետական կառավարությանը, այդ դեպքում զրույցն ավելի հետաքրքիր կլիներ. «Եթե կան օբյեկտիվ, առարկայական հարցադրումներ, ծրագրեր, որոնք պետք կգան իշխանությանը եւ մեր երկրին, սիրով մենք պատրաստ ենք լսելու»։