Էլիտար եւ բոմժ դիակնե՞ր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕԵԿ օրենսդրական նախագիծն այսօր խորհրդարանական լսումներին թեժ քննարկման առիթ հանդիսացավ: Նշենք, որ առաջարկվում է նոր հողհատկացումներ մասնավոր նոր գերեզմանատների եւ հուղարկավորության համալիր կազմակերպման համար:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը մինչ իր ելույթը սկսելը նախազգուշացրեց. «Ես չեմ բացառում, որ ինձ կսպանեք իմ ելույթից հետո ու պիլոտային այս ծրագիրն իմ անձի դեմ առաջինը կիրականացնեք»:
Նա սկզբում նշեց, որ չի կարծում, որ այս ոլորտի կարգավորման ճանապարհը մասնավոր գերեզմանատներ կառուցելն է. «Պետության վերահսկողություն է պետք»:
Ըստ նրա՝ մեր երկրում անարդարության ջինի գործակիցը գնալով աճում է՝ հարուստները շատանում են, միջին խավը՝ պակասում. «Իսկ հանդերձյալ աշխարհում բոլորն հավասար են: Ինձ համար ընդունելի չէ, որ հանդերձյալ աշխարհը փորձ է արվում բիզնեսի վերածել. կլինեն բիզնեսմեններ, որ այս ոլորտն էլ կմոնոպոլիզացնեն ու արդյունքում կլինեն գեր էլիտար դիակներ եւ բոմժ դիակներ»:
Նա պատմեց, որ ինքը կլինիկական մահ է տարել, եւ ԽՍՀՄ տարիներին լինելով աթեիստ՝ կլինիկական մահից հետո վերադարձել է խորը հավատացյալ. «Ես վստահեցնում եմ՝ հանդերձյալ կյանքում բոլորն էլ հավասար են, Աստծո առաջ բոլորն էլ հավասար են, հետեւեք ձեր խղճին, ու մենք կարող ենք կարգի բերել գործող գերեզմանները ու բիզնեսի չվերածենք»:
Նախագծի համահեղինակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հերմինե Բիշարյանը վստահեցրեց, որ իրենք բիզնեսի աշխարհին սպասարկելու նպատակ չունեն ու ինքն անձամբ բիզնես չունի. «Ես անկեղծորեն հուզվեցի, տիկին Դանիելյան, ձեր պատմությունից եւ ուզում եմ այն աշխարհում էլ հանգիստ ապրել: Մենք ընդամենը ուզում ենք մրցակցության դաշտ ստեղծել հուղարկավորության ծառայությունների մեջ: Մենք մեր ռաբիզ տեսանկյուններից պետք է դուրս
գանք: Կազմակերպված հակագաղափարական այս քննարկմանը ես դեմ եմ, որ ինչ-որ մարդկանց ախորժակները հանկարծ բացվեն: Եկեք խումբ կազմենք ու գնանք գերեզմաններ, տեսնենք՝ ինչ է այնտեղ կատարվում»:
Նա վստահեցրեց, որ իրենց նախագիծը բիզնես նպատակներ չունի. «Մենք քրիստոնյա մարդիկ ենք»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հստակեցրեց, որ իրենց նպատակը հենց հուղարկավորությունների կազմակերպումն է եւ պետք չէր կենտրոնանալ մասնավոր գերեզմանատներ բառակապակցության վրա. «Գրել ենք մասնավոր, բայց նկատի ենք ունեցել հուղարկավորությունների կազմակերպում»:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին անհասկանալի էր՝ հո՞ղն է
մասնավորեցվում, թե ծառայությունը. «Ի՞նչ ասել է՝ մասնավոր
գերեզմանատուն, հասկացողությունը պետք է բյուրեղացվի, հստակեցվի՝ սեփական հողի վրա մասնավոր ծառայությո՞ւն, թե հանրային հողի վրա: Բարոյական,հոգեբանության խնդիր կա այստեղ, այս նախագիծը կարող է հողերի ռեսուրսների տարերային օգտագործման հանգեցնել»: Դիմելով Հեղինե Բիշարյանին՝ փոխքաղաքապետը նշեց. «Միգուցե ձեր էմոցիոնալ վերաբերմո՞ւնքը այս նախագիծը բերեց այստեղ: Եթե մեկը գերազանցում է իր լիազորությունները, ապա դուք այդ հարցը կարող էիք այլ օղակներով կարգավորել»:
Ըստ նրա՝ շտապողականությունը միանշանակ կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների: Հեղինե Բիշարյանը վստահեցրեց, որ իր կենսագրությունը բավարարում է այնքան, որ էմոցիոնալ նախագծեր չգրի: