Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձերն ու կարիճները շատացել են (տեսանյութ)

Հասարակություն
b7e6f40bbd52dc25fe1b80b5b75a01c7

Հունիսի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր:

Էկոլոգների համար սա ևս մեկ առիթ է բարձրաձայնելու էկոլոգիական այն խնդիրները, որոնք սպառնում են մեր էկոհամակարգին կամ արդեն իսկ զգալի վնասներ են հասցրել: Ախթալայի պոչամբարը դրանցից մեկն է: Բնապահպան Կարինե Դանիելյանը ահազանգում է. «Նկարներով էլ պարզ երևում է, որ ջուրն այնքան ծանր է, որ կարծես սնդիկ լինի»:

Երկու տարի առաջվա տվյալներով Ախթալա գետակում ծանր մետաղների քանակությունը նորմայից բարձր է եղել մինչև 900 անգամ: «Իսկ ջուրն էլ օգտագործվում է ոռոգման համար, այն գալիս է Դեբետ և այդպես շարունակվում է, և կարելի է պատկերացնել շրջակայքի ողջ աղտոտվածությունը»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Այսօրվա տվյալներով, թեև գետակում ծանր մատաղների քանակությունը նորմայից բարձր է 80-90 անգամ, բայց ըստ բնապահպանի, սա չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորված է: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հետևանքով աղտոտված է ոչ միայն Ախթալայի, այլև Ալավերդու ողջ հողը, բուսականությունը, գյուղատնտեսական մթերքները: Այստեղից կարելի է ենթադրել նաև, որ մեծ վնաս է հասցվել նաև մարդկանց առողջությանը»,- ասաց տիկին Դանիելյանը:

Կանաչ տարածքներ խնդիրը ևս ամենակարևորներից մեկն է: Տիեզերքի տվյալները ցույց են տվել, որ 1990-2010թթ կանաչ տարածքների 60-70 տոկոս կորուստ ենք ունեցել: Այսինքն` այսօր ծառերի և կենսազանգվածի քանակը շատ ավելի քիչ է, քան 23 տարի առաջ: Ըստ Կարինե Դանիելյանի` կանաչ տարածքների նվազմանը զուգահեռ աճել է օձերի և կարիճների քանակը: «Պատճառն այն է, որ մենք այս կենդանիներին վերադարձրել ենք իրենց կիսաանապատը»,- ասաց բնապահպանը:

Նուբարաշենում այսօր թունաքիմիկատների գերեզմանոց կա, որտեղ արդեն 20 տարի է ` թաղված են դեռևս խորհրդային տարիներից մնացած թունաքիմիկատները` ավելի քան 500 տոննա: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Լիլիկ Սիմոնյանը հիշեցնում է` այդ թունաքիմիկատներն այսօր ԴԴՏ-ից ավելի ուժեղ թույն են արտազատում: «Հարցն այն է, որ այդ գերեզմանոցը սողանքային գոտում է գտնվում, և սողանքները մինչև հիմա էլ շարունակվում են: Այն որ, պետք է դա վերացվի, փաստ է»,- ասաց տիկին Սիմոնյանը: