Կառավարությունից ժամանակ խնդրեց
«Ակցիզների մասին» օրենքի փոփոխությունների արյունքում առաջացած խտասկավառակների հարցը բավականին բարդ է, և Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը դեռ չի հասցրել ծանոթանալ խնդրին։
«Դրա համար կառավարության այսօրվա նիստում ժամկետ խնդրեցինք, որպեսզի հարկային տեսչության հետ կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք խնդրին լուծում տալ։ Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք անպայման կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունենք։ Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ լուծում կարող ենք գտնել եղած տեխնիկական բարդությունների շրջանակներում։ Հիմա գործարարների տեսանկյունից, որպեսզի աջակցենք, որ էդ մարդկանց վնասները մեծ չլինեն, պետք է լուծում գտնել, լուծումն այսօր գտնված չի»,-կառավարության նիստից հետո ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Այսօրվա նիստում վարչապետը փորձել էր իմանալ, թե ինչ փուլում է այս խնդրի կարգավորումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին կառավարության որոշման համաձայն, արգելվեց տեսա-ձայներիզ վաճառող ընկերություններին առանց ակցիզի իրացնել ապրանքները։ Խանութների տնօրենների բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը հնարավորություն ընձեռեց մինչև որոշման ընդունումը ձեռք բերած խտասկավառակները վաճառել առանց դրոշմապիտակի։