Թիվ 8/22-ում գրանցամատյանն անհետացել է
Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր քննում է 8/22 տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու՝ «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի դիմումը։
Դիմումի հիմքն այն է, որ տեղամասի գործավարական մատյանն անհետացել է։
Ընտրատարածքային հանձնաժողովը անհետացած գրանցամատյանը «հայտնաբերելու» համար հրավիրել էր տեղամասային հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց։ Նրանք պնդում էին, որ չգիտեն, թե ինչպես է անհետացել գրանցամատյանը։ Ընդ որում, նրանք շեշտում էին, որ գրանցամատյանում առանձնապես խախտումներ գրանցված չեն եղել։
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը նշեց, որ օրենսդրությունը գրանցամատյանի անհետացման դեպք չի նախատեսել, հետեւաբար՝ հնարավոր չէ պարզել՝ արդյոք անհետացման փաստը կարելի է որպես քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հիմք դիտարկել։
Հանձնաժողովը որոշում կընդունի վաղն առավոտյան։
Նիստին ներկա «Բարեւ Երեւանի» թեկնածու Հակոբ Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դաշինքը նաեւ վերահաշվարկի դիմում է ներկայացրել նույն 8/22 տեղամասում։ Ըստ Հակոբ Մկրտչյանի, տեղամասում «Բարեւ Երեւանի» վստահված անձը ձայների հաշվարկի ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես, ըստ նրա, տեղամասում «Բարեւ Երեւանի» վստահված անձը նկատել է, որ քվեաթերթիկները շուրջ 100-ով ավել են քվեարկությանը մասնակցած անձանց թվից։