ԿԸՀ-ն արտահերթ նիստ կանի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 8-ին, ժամը 17.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն քաղաքացի Նարինե Ղազարյանի և Զարուհի Փոստանջյանի դիմումները:
Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը։
Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում երեկ առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:
ԿԸՀ մամլո ծառայությունը ներկայացրել է տեղեկատվություն երեկ տեղի ունեցած վերահաշվարկի վերաբերյալ։
Երեկ իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: