Լսվում էր միայն Սերժ Սարգսյանի ձայնը (տեսանյութ)
Քիչ առաջ Կառավարություն ժամանեց Սերժ Սարգսյանը։ Նրան դիմավորեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և Կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը։
Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը գործադիր մարմնի նիստին էին շտապում մի շարք նախարարներ։ Սպորտի և Երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը ասաց, որ ինքը չէր սպասում, որ կզբաղեցնի նախարարի պաշտոնը։ Իսկ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այն հարցին, թե որն է լինելու իր առաջին քայլը, պատասխանեց՝ կիմանաք անպայման:
Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել կառավարության անդամներին իրենց պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
Սերժ Սարգսյանը, շնորհավորելով կառավարության անդամներին, հաջողություն մաղթեց նրանց՝ հույս հայտնելով, որ ոչ միայն նրանք, այլև բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները կաշխատեն մեծ պատրաստակամությամբ։
«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ, որոշակի։ Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ։ Հարցնելու ենք ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տրվել, և այդ արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի։ Չափելին աշխատավարձերի բարձրացումն ու կենսաթոշակների ավելացումն է։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և խնդրում եմ գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Վարչապետը Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարացնենք թե՛ Ձեր, թե՛ մեր քաղաքացիների սպասումները և դրա համար ջանք չենք խնայի»։
Ի դեպ, կառավարության մամուլի սրահում, որտեղ լրագրողները միշտ հետևում են կառավարության նիստերին էկրանների միջոցով, այս անգամ նրանք հնարավորություն չունեին հետևելու Սերժ Սարգսյանի ելույթին. Լսվում էր միայն նրա ձայնը։