Հանձնաժողովի նախագահ. Դեռ վատ կզգաք
Այս պահի դրությամբ 10/20 ընտրատեղամասում «Օրինաց Երկիր» կուսակցությունը հավաքել է 2 ձայն, ՀՅԴ՝ 7, ԲՀԿ 17 ձայն, «Բարև Երևան» դաշինքը՝ 14, ՀՀԿ-ն՝ 25, իսկ ՀԱԿ-ը՝ 12 ձայն։ Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։
1819 ընտրողից ընտրության է մասնակցել 1005-ը։ Մինչ հաշվարկի սկսվելը, ստուգվեցին չօգտագործված և օգտագործված քվեաթերթիկների ընդհանուր թիվը։ Հաշվարկի ընթացքում հանձնաժողովի անդամները անճշտություններ նկատեցին՝ թվերը չհամընկան։ Հանձնաժողովի «Բարև Երևան» դաշինքի անդամն առաջարկեց նորից հաշվել քվեաթերթիկները, սակայն հանձնաժողովի մյուս անդամները չհամաձայնեցին՝ պատճառաբանելով, որ հոգնած են և ժամանակ չկա։
10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Աիդա Խանզադյանը «Ա1+»-ի նկարահանող խմբին սպառնաց՝ ասելով, որ դեռ վատ կզգան, երբ նա արձագանքի «Ա1+»-ի ավելի վաղ պատրաստած ռեպորտաժին, հավելելով, որ զարմացած է, քանի որ տեսանյութի երիտասարդը՝ Դավիթ Սիմոնյանն իր աշակերտն է եղել և ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը, որտեղ տեղակայված է 10/20 ընտրատեղամասը։
Չարենցի դպրոցում տեղակայված թիվ 9/19 ընտրատեղամասում 1838 ընտրողներից մասնակցել է 854-ը։ Այս ժամի տվյալներով՝ հաղթում է ՀՀԿ-ն։