ԲՀԿ թեկնածուն հերքում է
«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավի ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն ու տարբերակներն օգտագործել է` ներկայացնելու հանրությանը իրենց ծրագրերը ու մոտեցումները, վստահեցնում է ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը։
«Տեսնելով մյուսների պասիվությունը եւ մեր ակտիվությունը , ես կարծում եմ մենք ունենք հաղթելու բոլոր շանսերը, բայց դրա համար պետք է անպայման վերահսկել ընտրությունները, որպեսզի դրանք լինել անկաշառ ու լեգիտիմ»,-ասաց նա։
Վահան Բաբայանն, անդրադառնալով լրատվամիջոցներում ԲՀԿ-ի վերաբերյալ քննադատությանը, ասաց. «Դրանք օդից վերցված տեղեկություններ են։ Դա միշտ եղել է, նորմալ եմ համարում, մարդիկ պարապ են մնացել, չգիտեն ինչ անեն եւ պատվիրված հոդված գրելու համար խելքները իրենցը չի»։
ԲՀԿ-ականները այդպես են գնահատում նաեւ ԲՀԿ՝ Երեւանի ավագանու թեկնածու Սերգեյ Բագրատյանի մասին շրջանառվող լուրերը, թե նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Իրականության մեջ նման երեւույթներ չեն կարող լինել։ Դա բացարձակ ապատեղեկատվություն է, սա տիպիկ սեւ PR է, ոչ մի բանով չհիմնավորված: Դա առիթ է սեւացնել մարդու բարի համբավը , դա հարիր չէ հայ հանրությանը, ավելի լավ է հստակ բաների մասին գրեն»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։