Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ երեւանցի տաքսիստների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
8355e44067073c12607d10356e9fec7f

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի համար գործող 9500 դրամի փոխարեն սահմանել 7000 դրամ:

ՀՀ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական էր այն հիմնավորմամբ, որ արտոնագրային գործող վճարները հաստատվել են՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով եւ հաշվի առնելով տնտեսական ակտիվության վիճակը հանրապետության ողջ տարածքում: Դա է պատճառը, որ արտոնագրային վճարը բարձրացել է միայն Երեւան քաղաքում, իսկ մարզերում իջել է:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անընդունելի համարեց միայն Երեւան քաղաքի տաքսու վարորդների համար արտոնություն սահմանելը՝ անտեսելով մարզերը: Նա հեղինակներին առաջարկեց հետաձգել նախագիծը եւ համատեղ մշակել մի նախագիծ, որով ոլորտը կկարգավորվի ամբողջությամբ:

Նիստում նախագահողը քվեարկության դրեց օրինագիծը, որը երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ: