«Բարեւ Երեւան» դաշինքը խախտումներ է արձանագրել
«Բարև Երևան» դաշինքը ներկայացրել է քարոզչական խախտումների վերաբերյալ ցուցակ։
Արձանագրված խախտումները եղել են հիմնականում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՀ Ոստիկանության կողմից:
ԲՀԿ-ն, ըստ ցուցակում նշված խախտումների, իրականացրել է քարոզչություն մինչև քարոզարշավի սկիզբը և քարոզչապաստառներ փակցրել չսահմանված տեղում:
Շենքին փակցված 6 քմ. մակերեսը գերազանցող ԲՀԿ-ի` թվով 8 պաստառների վրա բացակայում են դրանց տպման մասին պահանջվող տեղեկությունները:
«Բարև Երեւան» դաշինքը արձանագրել է նաեւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը եւ դրա պաստառը` Հյուսիսային համալսարանի վրա:
ՀՀԿ ընտրական շտաբի վրա առկա են եղել միանգամից 4 հատ` 6 քմ. գերազանցող եւ տպագրության մասին որեւէ տեղեկություն չպարունակող քարոզչապաստառներ:
ՕԵԿ-ի դեպքում նույնպես գրանցվել է ՏԻՄ հատկացրած տեղերում 2 (երբեմն` անգամ 3 հատ) փակցված պաստառ, որոնք նաեւ չափսերով են սովորականից մեծ, ինչն ակնհայտորեն (միտումնավոր) ոտնահարում է այդ տեղերի` բոլոր կուսակցությունների կողմից հավասար մակերեսից օգտվելու իրավունքը:
Քարոզչության ընթացքում արձանագրված խախտումներից է նաեւ թիվ 144 մանկապարտեզի սաների ծնողներին ստիպողաբար Տարոն Մարգարյանի հետ հանդիպման տանելը:
Ինչպես նաեւ Բաղրամյան փողոցում մի խումբ ոստիկանների կողմից ուժի կիրառմամբ ավագանու անդամի թեկնածու` Արմեն Մարտիրոսանի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի մի խումբ համակիրների երթը խոչնդոտելը: