Կընթերցեն հռչակագիր
Քիչ անց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կընթերցի այսօր հրավիրված քաղաքացիական ազգային համաժողովի հռչակագիրը։
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծավալուն ելույթում նշեց, որ փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին հայ քաղաքացին հաղթել է. «Այդ հաղթանակը շուտով միս ու արյուն կստանա, միայն թե չկոտրվեք ու չհիասփափվեք: Ես ձեզ հետ այլեւս չեմ սպաասելու 5 կամ 10 տարի. մեր ապագայի կառուցումը չենք հետաձգելու: Բաղրամյան համապատսխան հասցեում թող լսեն այս հայտարարությունս` չուշացնեք ձեր ինքնահրաժարումը իշխանությունից, քանի որ այն պատկանում է ժողովրդին»:
Նա նաեւ ընդգծեց, որ իրենց հաջորդ հաղթահավաքը տեղի կունենա խորհրդանշական մի օր` մայիսի 9-ին Ազատության հրապարակում, որը, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, սրբավայր է դարձել արդեն: Ի դեպ, մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի նաեւ մարզեր:
Քաղաքացիական ազգային համաժողովին հրավիրված ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ պետք է գնալ հստակ հանգրվանային ճանապարհով. «Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Երեւանի ավագանու այս ընտրությունների իմաստը նվաստացնեն` դարձնելով այն ընդամենը կենցաղային խնդիրներ լուծող մի միջոցառում, կարծես մի գյուղապետ ենք ընտրում: Եթե փետրվարի 18-ին չհաջողվեց իրավիճակ փոխել ՀՀ նախագահ փոխել, այն կարող ենք փոխել քաղաքապետ փոխելով ու ունենալով ընդդիմադիր քաղաքապետ»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն իր խոսքում անդրադարձավ այժմ քաղաքական լայն շրջանականերում քննարկվող բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարին, որը շրջանառության մեջ էր դրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ առաջին համագումարի ժամանակ:
«Սա վաղուց է ծրագրավորված եղել, որին, ցավոք, սատարում են նաեւ մեր ընդդիմադիր ընկերները: Պետք է հասկանալ` բուրժուադեմոկրատական հեղափոխության նախաձեռնողը իշխող կուսակցությունն է: Այդ պատճառով այն պետք է կանխել, եւ մենք աջակցում ենք միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրին»,- ասաց նա։