«Իշխանությունը պատասխանատվություն չի կրում»
Որոշ քաղաքական ուժեր վարած քաղաքականությունը Լարիսա Ալավերդյանը համեմատում է հովհարի հետ. «Մեկ մասնակցում են, մեկ չեն մասնակցում, մեկ աշխուժանում են, մեկ ոչ»։
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորը ընդդիմության միավորումը մայիսի 5-ից հետո չի բացառում, բայց պարզաբանում է, որ հնարավոր կլինի միայն Ժառանգություն- ՀՅԴ միավորումը. «Դաշնակցության եւ Ժառանգության, ծրագրերի մեջ սոցիալական հարցերում շատ ընդհանրություններ կան ու քանի, որ սոցիալական խնդիրները ավագանու ընտրություններում դառնում են առաջնահերթ, կարծում եմ, որ այստեղ հնարավոր է այդ միասնությունը»։
Ըստ տիկին Ալավերդյանի՝ ապրիլի 9-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը պատրաստ չէ լսել ընդդիմադիրի թե խորհուրդը, թե պահանջը. «Իշխանությունը հմտացել է մեկ հարցում, խոստումներով եւ արհեստածին քողարկումներով, ձգում է ժամանակը, քանի որ վստահ է, որ այդ բողոքի ալիքը ընդդիմությունը երկար չեն կարող պահել»։
Լարիսա Ալավերդյանը դա իշխանության կողմից կոպիտ սխալ է համարում ու հավելում, որ իշխանությունը Հայաստանում ոչ մի պատասխանատվություն չի կրում իր վարած քաղաքականության համար։