Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Հովհաննիսյանը նվաստացուցիչ է համարում

Քաղաքականություն
e0bc5dea974940a04e6cfe09ef260f47

«Նվաստացուցիչ որոշում»,- այսպես է որակում իրեն մայիսի 2-ին իրեն բերման ենթարկելու վերաբերյալ դատական որոշումը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հմայակ Հովհաննիսյանի դատական նիստից բացակայելը համարել է անհարգելի եւ նման որոշում կայացրել։

«Ես երբեւէ անհարգելի չեմ բացակայել դատական նիստից, բայց քանի որ իմ պաշտպանը հիվանդ էր եւ չէր ներկայանալու դատական նիստին, ես էլ չգնացի։ Դատավորը խախտել է կողմերի հավասարության սկզբունքը եւ դատախազի ցուցումով ինձ բերման ենթարկելու որոշում կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հմայակ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի երկու մատները կոտրելու մեջ, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախորդ դատական նիստին չէր մասնակցում տուժողը, սակայն նրան բերման ենթարկելու որոշում չի կայացվել։

Պարոն Հովհաննիսյանը պնդում է, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցվեց, որպեսզի զրկվի 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններում ձեռք բերած պատգամավորի մանդատից, ինչը եւ տեղի ունեցավ:

Ըստ քաղաքագետի՝ հենց այդ նպատակին հասնելու համար, ինստիտուտի աշխատակիցների, որի տարածքում է գտնվում նաեւ իր գրասենյակը, իր հետ վեճի մեջ են մտել։
Ինստիտուտի աշխատակիցներն էլ իրենց հերթին շարունակում են պահանջել, որ պարոն Հովհաննիսյանը իրենց վերադարձնի 150 քմ տարածքը, որն, ըստ նրանց, ապօրինի գրավել է։

Մայիսի 2-ին պարոն Հովհաննիսյանը կներկայանա դատարան, բայց ոչ թե ցուցմունք տալու, այլ նախագահող դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար։