Պետրոս Մակեյանը նույն մոդելն է պատկերացնում (տեսանյութ)
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը կարծում է, որ ընդդիմության հաղթանակը ամրագրելու համար պետք է ստեղծվի «Հայաստան» կոմիտե:
«Նույն ղարաբաղյան շարժման մոդելն եմ պատկերացնում եւ այդ պրոցեսները բերելու են հաղթական հանգրվանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պետրոս Մակեյանը:
Անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերին, պարոն Մակեյանը նշեց, որ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ չկրկնվեց 2008 թ մարտի մեկը: Իսկ փոխե՞ց իրավիճակը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այնտեղ գտնվելը, պարոն Մակեյանը չգիտի, սակայն լարված էներգետիկան Բաղրամյան պողոտայում, նրա խոսքերով, բավականին պակասեց:
Անդրադառնալով Երեւանի ավագանու մայիսի հինգի ընտրություններին, Պետրոս Մակեյանը շեշտեց, որ ավագանու ընտրությունները քաղաքական են.
«Հանրապետականը փորձում է դա իջեցնել ԺԵԿ-ի մակարդակի, համաձայն չեմ, դրանք այն չափով են քաղաքական , որ կուսակցություններն են մասնակցում, նաեւ տնտեսական են, քանի որ Երեւանը համայնք է»:
Պետրոս Մակեյանը ընդգրկված է «Բարեւ Երեւան » ցուցակում եւ հույս հայտնեց, որ արդար ընտրությունների պարագայում իրենք մեծամասնություն կկազմեն:«Բարեւ Երեւանը Երեւանը վերցնելու հնարավորություն ունի»:
Այսօր նա հաջողություն մաղթեց նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին՝ նշելով, որ նա կառավարման մեծ փորձ ունի: