ՕԵԿ թեկնածուին բողոքել են թաղապետից
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը հանդիպեց Չեխովի և Արարատյան փողոցների բնակիչների հետ: Ավագանու թեկնածուն բնակիչների հետ զրույցում խոսեց քաղաքի տարբեր թաղամասերում առկա բազմաթիվ խնդիրների ու չկատարված կամ կիսատ մնացած աշխատանքների մասին, որոնք ունեն շտապ լուծման կարիք: Ա. Երիցյանը ներկաներին ծանոթացրեց ՕԵԿ-ի ծրագրին` հավելելով, որ, եթե ավագանու ընտրութոյուններին ընտրեն իրենց կուսկցությանը, այդ ծրագրերը անպայման կյանքի կկոչվեն:
Արարատյան փողոցի բնակիչները դժգոհեցին իրենց թաղապետի աշխատանքից և նշեցին իրենց թաղամասում ու փողոցում առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք երկար ժամանակ փորձում են լուծել, բայց քանի որ նրանց թաղապետարանը չի աջակցում՝ խնդիրները շարունակում են չլուծված մնալ:
Ներկաները ասացին, որ թաղամասում կա տրանսպորտի խնդիր. բնակիչները որևէ տեղ գնալու համար ստիպված են ոտքով քայլել մինչև կենտրոնական փողոց, որպեսզի կարողանան նստել իրենց ուզած երթուղային տաքսին: Թաղամասի բնակիչներից ոմանք ունեին նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, որոնք արդեն երկար ժամանակ է փորձում են լուծել, սակայն ապարդյուն:
Բնակիչները դժգոհում էին նաև թաղապետին ընտրություններից հետո չտեսնելու իրողությունից, սեփական խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն չունենալուց:
Արմեն Երիցյանը, լսելով ներկաների բողոքներն ու ծանոթանալով բնակիչներին հուզող խնդիրներին, խոստացավ ավագանու ընտրություններին ընտրվելուց հետո շուտափույթ լուծում տալ բոլոր հարցերին:
Այս մասին հայտնում է ՕԵԿ մամլո ծառայությունը։