Թեւան Պողոսյանը հետեւելու է իր առաջնորդին (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը տեղյակ չէր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է Մոսկվա, չգիտի էլ, թե ինչու է գնացել, բայց հաստատ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվել է:
«Ինձ չի թվում, թե ուղղակի այդ մակարդակի քաղաքական գործիչները գնում են եւ զանգում են գրասենյակի ներքեւից ասում, եկել եմ, ուզում եմ հանդիպեմ»,- ասում է«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։
Պուտինի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման հավանականության մասին Թեւան Պողոսյանը ոչինչ չի կարող ասել։ Բայց Ազատության հրապարակում ընդդիմության առաջնորդի շուրթերից էր լսել՝ գնալու է Մոսկվա ու հանդիպելու է Պուտինի հետ
«Եթե ստացվում է ՝ այցելել, քննարկել, մի ինչ-որ քայլով նպաստել, որ Հայաստանի զարգացման համար, եւ մեր Նոր Հայաստանի համար մի որեւէ քայլ առաջ տանելու համար նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, ուրեմն պահը այդ է»,-ասում է նա։
Թեւան Պողոսյանը վստահեցնում է՝ ուրբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Երեւանում, կառաջնորդի հանրահավաքը, Թեւան Պողոսյանը կլինի այնտեղ։ Երթ եւ իշխանափոխություն նախատեսված չէ, կխոսեն ավագանու ընտրություններից եւ Նոր Հայաստանից. «Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը չի անի մի քայլ, որը լինի ընդդեմ Հայաստանի»
Ի դեպ Թեւան Պողոսյանը խուսափեց ասել, թե ապրիլի 9-ին Ազատության հրապարակում նախագահի պաշտոնն ստանձնելու երդում տված Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ կարգավիճակով է մեկնել Մոսկվա՝ հանրապետության նախագահի՞, թե՝ Ժառանգության ղեկավարի
«Պարոն Հովհաննիսյանն այն մարդն է, որ իմ առաջնորդն է, ես էլ հետեւում եմ նրան»,- նշեց նա։