«Գրպանահատը Բաղրամյան 26-ում է» (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով եւ դատապարտելով երեկվա միջադեպերը:
Նշենք, որ այս քառօրյայի ընթացքում շարունակվում էր Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2011թ. զեկույցի քննարկումները: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ իր ելույթը եւս վերաբերում է մարդու իրավունքներին: Նա հայտարարեց, որ երեկ Բաղրամյան փողոցում բռնի ուժ կիրառվեց երթի մասնակիցների նկատմամբ. «Ի վերջո, պետք է հասկանաք, որ ժողովրդի իրական քվեն ձեւավորվում է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ հրապարակներում, իսկ ժողովրդի քվեի գրպանահատը Բաղրամյան 26-ում է»:
Զարուհի Փոստանջյանի հուզված ելույթը վրդովվեցրեց ՀՀԿ պատգամավորներին, որոնք տեղից արձագանքում էին նրան ու փորձում լռեցնել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս տիկին Փոստանջյանին կոչ էր անում խոսել քննարկվող թեմայի շրջանակներում: Զարուհի Փոստանջյանը, շարունակելով իր խոսքը, հայտարարեց. «Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի կեղծ երդումն ու ոստիկանության քայլերը...»:
Այս անգամ եւս տիկին Փոստանջյանը չկարողացավ իր միտքն ավարտել. նրա բարձրախոսն անջատեցին: Նույն պահին ձեռքերը թափահարելով տեղից Զարուհի փոստանջյանի վրա էր բղավում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը-խմբ.): «Ես կոչ եմ անում պատգամավորներին՝ զինվել համբերությամբ ու իրենց ելույթները կառուցել հարցի քննարկման շրջանակներում ու անտեղի վիրավորանքներ իշխանությունների հասցեին հարկավոր չէ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս իր ելույթում, անդրադառնալով երեկվա միջադեպերին, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրեց անդրադառնալ այս դեպքերին. «Քանի որ դա նաեւ Սահանադրության պահանջն է. ձեր պարտավորությունների մեջ է մտնում նաեւ քաղաքացիների իրավունքների խախտման դեմն առնեելը: Դուք պետք է ներկայացնեք ձեր դիրքորոշումը»:
Պարոն Մինասյանը նշեց, որ, այո, երեկ առանձին դրվագներում ակնհայտ էր ոստիկանության ոչ համաչափ գործողությունները. «Թեեւ ոստիկանները էական առաջընթաց են արձանագրել, սակայն Արմեն Մարտիրոսյանին հարված հասցնելը մի դրվագում ակնհայտ անհամաչափ էր: Մենք չենք կարող խուսափել սադրիչներից, սակայն պետք է մեր պետական մարմինները ճիշտ վարքագիծ դրսեւորեն, որպեսզի մենք՝ որպես հասարակություն, համակարգային փոփոխությունների առումով հասնենք արդյունքի»: