Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն չի մասնակցի երդմնակալությանը

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը:

Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռևս բավարար չափով ընկալում չի գտնում նաև քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Համոզված ենք` ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված` իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական և խորքային բարեփոխումներն են։

Իշխանությունները պարտավոր են, սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու` համընդհանուր հրամայականը։ Մեկնելով այս հաստատումներից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարում է, որ

1. չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին,
2. արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցություն