Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում մենաշնորհներ չկան» (տեսանյութ)

Քաղաքականություն
a042667b48c92ad02d62c1fe77876fb1

Տնտեսական մրցակության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր շարունակեց ԱԺ նախորդ նստաշրջանում ընդհատված` իրենց հանձնաժողովի 2013թ. աշխատանքների ծրագրի ներկայացումը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե Արտակ Շաբոյանն ինչպես կբնորոշի` որն է օլիգարխն ու օլիգարխիան, քանի որ դրանք նաեւ մրցակցային դաշտի գլխավոր խոչընդոտներն են:
ՏՄՊՊՀ նախագահը նախ հայտարարեց, որ մեր երկրում մենաշնորհներ չկան, կան գերիշխող դիրք ունեց տնտեսվարողներ. «Նրանց չարաշահումներն են էլ հենց մենք պատժում ենք: Օրինակ` շաքարավազի վաճառքի գները գտնվում են հնարավոր նվազագույն շեմի վրա: Եթե կան մարդիկ, որոնք կասկածներ ունեն կամ ցանկանում են հավելյալ պարզաբանում, թող գան մեր հանձնաժողով ու ծանոթանան մեր ուսումնասիրություններին ու հաշվարկներին»:

Ինչ վերաբերում է այս ոլորտում «Ալեքս Գրիգ»-ի գերիշխող դիրքին, ապա ըստ Արտակ Շաբոյանի, դա եւս իր պատճառաբոնությունն ունի. «Բանն այն է, որ ընկերությունը ներկրում է շաքարավազի հումքը եւ տեղում իրականացնում արտադրություն, իսկ դրա համար մեծ ներդումներ են անհրաժեշտ: Նաեւ ես մեկ այլ ընկերություն չեմ ճանաչում, որ զբաղվում է այս գործունեությամբ, որ լինի մրցակցություն»:

Նիկոլ Փաշինյանի` օլիգարխիա տերմինի վերաբերյալ հարցին պարոն Շաբոյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել այդ տերմինը. «Մեզ բացարձակ չի հետաքրքում` ով ինչ է, մեզ հետաքրքրում է մրցակցային պայմաններն ու դրանց սահմաններում իրականացվող գործունեությունը»։

Պարոն Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր «Արմավիա» ընկերության սնանկացմանը եւ դրան հաջորդած գործընթացները:
ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ ինքն էլ որոշ տեղեկություններ ունի եւ հատկապես ծանոթ է մամուլից, որ որոշ ավիաընկերություններում ավիատոմսերի գների փոփոխություններ են եղել. «Մենք հենց այսօրվանից կսկսենք ուսումնասիրություններն այս ոլորտում: Համաշխարհային բանկի հետ միասին մենք հիմա սկսել ենք ուսումնասիրել ավիաոլորտը»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ասելով. «Տպավորությունն այն է, որ հանդես է գալիս այս ամբիոնից, հարցը չի լսում ու գալիս են արդեն պատրաստի տեքստերով»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս հայտարարեց, որ ինքը եւս տեղյակ է ավիատոմսերի թանկացման մասին ու կոչ արեց Արտակ Շաբոյանին` իր ղեկավար հանձնաժողովը որեւէ բան ձեռնարկի այդ ուղղությամբ: