Մեղրաձորցիները բնապահպաններին՝ ինչո՞ւ եք եկել (տեսանյութ)
Այսօր Մեղրաձոր գյուղում միջադեպ արձանագրվեց բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների եւ գյուղացիների միջեւ, թեեւ վիճաբանության առիթ չկար։
Բնապահպանները եկել էին գյուղացիներին հետ քննարկում անկցկացնելու Մեղրաձորի ոսկու հանքի` ցիանային եղանակով բաց շահագործում սկսելու նախագծի վերաբերյալ:
Նրանք նշում են, որ ցիանային եղանակը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար, կարող է հանգեցնել վայրկենական մահվան, իսկ ծանր մետաղներ պարունակող նյութերը եւ թափոնները կթունավորեն շրջակա տարածքով հոսող գետերը, որոնք օգտագործվում են համայնքներում մի շարք նպատակներով:
Գյուղացիները եւ, չնայած մեծամասնությունը «Մեղրաձոր Գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքի աշխատողներ էին, նշում էին, որ իրենց համայնքը դեմ է եւ արդեն հրաժարվել է ցիանային տարբերակով հանքը շահագործելու եղանակից:
Նրանք պարզապես զայրացած էին, թե ինչու են լրատվամիջոցներն ու բնապահապանները եկել հանդիպման, երբ իրենք, իրոք, դեմ են ցիանային եղանակով շահագործմանը:
«Տվյալ հարցը ամիսներ առաջ վերլուծել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության ոսկու հանքի տնօրենի հետ, որ Մեղրաձորում չի դրվելու ցիանային արտադրության ոսկու կորզման արտադրամաս»,-ասաց Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը:
Մինչդեռ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը նշում է, որ Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված են Մեղրաձորի ոսկու հանքի ցիանային մեթոդով կառուցման փորձաքննության նյութերը, որը հանձնված է ՊՈԱԿ-ին դրական կամ բացասական եզրակացություն տալու համար:
«Սովորաբար դա արվում է այն ժամանակ, երբ որ բոլոր հասարակական լսումները արդեն արված են, համայնքը համաձայն է եւ այդ դեպքում ներկայացվում է արդեն նախարարություն` ակնկալելով եզրակացություն ստանալ, պարզ է որ դրական»,-ասում է Գաբրիելյանը:
Ի պատասխան այս հայտարարության` մեղրաձորցիները պնդում էին, որ իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են եւ չեն փոխելու: Ավելին, ըստ բնակիչների, հանքը շահագործող ընկերությունը նրանց առաջարկել է ոսկու կորզման նոր տարբերակ:
«Գործարանի ղեկավարությունը առաջ է քաշում այսօր նոր տարբերակ ցիոմաչեւինային եղանակով ոսկու կորզման արտադրամաս հիմնել, որը որ քննարկման նոր նյութ կդառնա»,-ասում է մեղրաձորցի, «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը:
Եւ այնուամենյանիվ բնապահպանները պնդում են, որ ոչ մի տարբերակով չի կարելի հանքը բաց շահագործման ենթարկել հանգստյան գոտի համարվող այս տարածքում, որտեղ շատ մոտ են նաեւ բնակելի համայնքները: Նրանք կողմ են, որ ոսկու կորզման աշխատանքերը շարուկվեն Արարատում, որտեղ անցկացվել են մինչ օրս: