Հոգեթերապեւտ. Գարնանային սրացումներ են
Հայաստանում վերջին տարիներին ավելացել են հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թիվը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեթերապեւտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը։ « Գարնանն ու աշնանը այս հիվանդությունների և ընդհանրապես բոլոր հիվանդությունների սրացում է նկատվում», -ասաց պարոն Զաքարյանը։
Հոգեթերապեւտի կարծիքով մարդու հոգեբանության վրա ազդում է նաև հեռուստատեսությամբ և լրատվամիջոցներով ցուցադրվող բռնությունը, ինքնասպանությունների և վթարների տեսարանները։
«Ինչքան շատ ենք ցույց տալիս նման բան, այնքան դրանք շատանում են։ Պետք չէ մանրամասն նկարագրել ինչպես են բռնաբարել կնոջը կամ ինքնասպանություն կատարած մարդու մարմինը ցույց տալ, քանի որ այդ լուրը կարդացողի կամ դիտողի մոտ կարող է առաջանալ ինքնասպանություն գործելու ցանկություն», -ասաց Մարատ Զաքարյանը։
Նրա կարծիքով ծանր ձմռանից հետո օրգանիզմում կուտակված էներգիան գարնանը արևի ճառագայթների հետ միասին դուրս է գալիս։
«Ինչպես նաև գարնանը նկատվում է սեռական ակտիվություն, որն էլ ազդում է մյուս օրգան համակարգների ակտիվության վրա», -ավելացրեց Մարատ Զաքարյանը։
Սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս չզսպել սեռական ակտիվությունը, եթե կա այն դրսևորելու հնարավորություն, քանի որ երբեմն զսպված սեռական ցանկությունը կարող է բերել դեպրեսիաների կամ սթրեսների։
« Մեզ մոտ նկատվում է 25-30 տարեկան տղաների և աղջիկների ընկճվածություն», -ասում է Մարատ Զաքարյանը։
Պարոն Զաքարյանի խոսքերով ինչպես բոլոր մարդկանց մոտ է, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ ևս նկատվում գարնանային սրացումներ, որը անդրադառնում է նաև քաղաքական դաշտի զրգացումների վրա։