Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԿԻՆՈՇՈԿ»-ՈՒՄ

Մշակույթ

Սեպտեմբերի 13-ին Անապա քաղաքում 13-րդ անգամ տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնի բացումը: «Կինոշոկ»-ի կազմակերպիչները նշում են, որ նույնիսկ «չարագուշակ» «13» թիվը չի խանգարի փառատոնը հաջողությամբ անցկացնելուն:

Փառատոնի անցկացմանը չխանգարեց նաեւ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը: Բեսլանի դեպքերից հետո «Կինոշոկ» փառատոնի ղեկավարությունը հեռագրով հայտնել է Կրասնոդարի նահանգապետին, որ պատրաստ է անցկացնել փառատոնը, եւ որ դրանից հրաժարվելը կնշանակի պարտություն:

Փոխվել է պարզապես փառատոնի պաշտոնական բացման արարողության վայրը: Անվտանգության նկատառումներով, գլխավոր հրապարակից, որտեղ եւ ամեն տարի տեղի է ունեցել բացումը, այն տեղափոխվել է Ամառային Էստրադա կոչվող բացօթյա համերգասրահ:

Բոլոր այն վայրերը, որտեղ սեպտեմբերի 13-ից մինչեւ 22-ը տեղի են ունենալու փառատոնյան միջոցառումներ, նախապես ստուգվում են ներքին զորքերի կողմից: Վերջիններս նաեւ պահպանում են «Ֆեյա 2» հանգստյան տան տարածքը, որտեղ բնակվում են փառատոնի բոլոր հյուրերը: Արդեն երկու օր է ինչ ժամանում են փառատոնի հյուրերը՝ նախկին ԽՍՀՄ երկրների կինոասպարեզի հին ու նոր սերունդների ներկայացուցիչները:

Այս տարի փառատոնն իրենց ներկայությամբ զարդարում են այնպիսի սիրված եւ հայտնի դեմքեր, ինչպիսիք են ռեժիսորներ Էլդար Ռյազանովը, Գեորգի Դանելիան, գրող Անդրեյ Բիտովը, եւ այլ հանրությանը հայտնի արվեստի գործիչներ: Հայաստանյան պատվիրակությունն այս տարի բավական փոքրաթիվ է. Գագիկ Ղազարէ, Դավիթ Կարեյան, Նաիրա Մուրադյան:

Փառատոնի՝ «Կինո առանց կինոժապավենի» ծրագրում ցուցադրվելու է Սուրեն Բաբայանի «Ժանո» ֆիլմը: Ինքը՝ ռեժիսորը, փառատոնին չի մասնակցում:

Իսկ «Շորթ-շոկ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում են Դավիթ Կարեյանի «Վերադարձ չկա» եւ Նաիրա Մուրադյանի «Հին աստվածներ» ֆիլմերը:

Բացի այդ, ոչ մրցութային դիտումների ընթացքում ցուցադրվելու են Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի 11 հեղինակների վիդեո-արվեստի գործեր:

Փառատոնի հյուրերի շարքում է կինոգետ-արձակագիր Դավիթ Մուրադյանը, որը նաեւ ընդգրկված է Կինոգետների ժյուրիի կազմում:

Փառատոնի շրջանակներում «Կինոշոկ»-ի հրավերով այս տարի ելույթ կունենա հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Նա Անապա է ժամանելու այսօր՝ Մոսկվայից, որտեղ հրավիրվել էր նվագելու Վլադիմիր Սպիվակովի 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Ջիվան Գասպարյանի ելույթը նախատեսված է նաեւ «Կինոշոկ»-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա այսօր ժամը 20:00-ին:

Սեդա Մուրադյան
Անապա