Որ չլինի գլխացավանք, այլ միայն բարի լուրեր (տեսանյութ)
11 տարի առաջ այս օրը Ա1+ հեռուստաընկերությունը վերջին անգամ դուրս եկավ եթեր։ Հաճախականությունների մրցույթում զուտ տեղեկատվական ուղղվածություն ունեցող Ա1+-ը պարտվեց ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը, որը խոստանում էր մի ուրիշ հեռուստաընկերություն
«Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»,-այդ ժամանակ հայտարարեց «Շարմ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թոխատյանը։
Հույս ներշնչող հեռուստաընկերությունում «Շարմ» ընկերությունը հույս ուներ իր լրատվությունն ստեղծել Ա1+-ի «Այբ-Ֆե» լրատվական ծրագրի լրագրողների ուժերով՝ պայմանով, որ լրագրողները սարքեն միայն լավ լուրեր։
Մինչեւ ապրիլի 2-ը Ա1+-ի եթերում ձայնի իրավունք ունեին մյուս հեռուստաընկերություններից մերժված ընդդիմադիրները, սոցիալական խնդիրներից դժգոհողները եւ մարզերի բնակիչները։
Ա1+-ն առաջինն էր, որը հասարակությանը տեղեկացրեց, որ 2001-ի սեպտեմբերին «Առագաստ» սրճարանում տեղի է ունեցել սպանություն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների մասնակցությամբ։ Փորձագետները համոզված են, որ այս ամենը չներվեց Ա1+-ին։ Դրանցից բացի, ըստ փորձագետների, Ա1+-ի եթերազրկումով Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր 2003-ին կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնն առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի։
Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին հայտարարում էր, թե հաճախականությունների մրցույթում Ա1+-ի ուզածը նույնպես հաղթելն է առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի. «Ա1+-ի լրատվական ծրագրին ես հավանում եմ, բայց դա չի նշանակում, որ Ա1+ ընկերությունը պետք է մրցույթից դուրս լինի, մրցույթի մեջ պետք է լինենք բոլորս»։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր տագնապ չբարձրացնել, ինքը լրատվական աշխարհի վատը չի ուզում, Ա1+-ը եթերազրկվել է օրենքի շրջանակներում
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաներից մեկի ժամանակ հայտարարեց. « Ուզում եմ հիշեցնել, որ ֆաշիստական Գերմանիայում հրեաներին ոչնչացնում էին նույնպես օրենքի շրջանակներում»
Ա1+-ի եթերազրկման հաջորդ օրերին միջազգային կառույցները հայտարարություններ ընդունեցին, որ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունը։ Հայաստանյան 14 լրատվական կազմակերպություն Ռոբերտ Քոչարյանից պահանջեց եթեր վերադարձնել Ա1+-ը։ 17-ը հակադարձեց՝ առանց Ա1+-ի էլ Հայաստանում ոչինչ չի սպառնում խոսքի ազատությանը
Հաճախականությունների առաջին մրցույթից հետո Ա1+-ը ձեռնարկեց եթեր վերադառնալու 13 փորձ։ Բոլոր դեպքերում Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը մերժեց Ա1+-ին։ 2008-ին Եվրոդատարանը, վկայակոչելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը ընդունեց, որ Ա1+-ի եթերազրկումով եւ եթեր վերադառնալու հետագա խոչընդոտներով Հայաստանում խախտվել է խոսքի ազատության իրավունքը։ Այսօր Ա1+-ը 20 րոպեանոց եթերի իրավունք ունի հեռուստաընկերություններից մեկով։ Շուտով կավարտվի Գրիգոր Ամալյանի լիազորությունների ժամկետը ՀՌԱՀ-ում, «Շարմ» հոլդինգի պաշտոնական կայքում ոչ մի տող չկա այն մասին, որ այս կազմակերպությունը ժամանակին ունեցել է «Կենտրոն» անվանումով իր հեռուստաընկերությունը, որը 11 տարի առաջ խոստանում էր ստեղծել 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարիր եթեր։