Արձագանքել են Ազնավուրի հայտարարությանը
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի` Բեռնում արած հայտարարությունը, որ Թուրքիայի վարչապետը ատելություն է արտահայտել հայերի եւ հույների նկատմամբ, «հիմնազուրկ եւ իմաստազուրկ են»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Գումրուքչուն՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի։
Ազնավուրը հիշյալ մեկնաբանությունները արել է Շվեյցարիայում մի հեռուստահաղորդման ժամանակ։
«Մենք կտրականապես հերքում ենք այդ հիմնազորւկ եւ իմաստազուրկ պնդումը: Թուրք ժողովուրդը հայ եւ հույն ժողովուրդների հետ համակեցության երկար պատմություն ունի: Մենք միշտ ընդգծում ենք, որ սխալ է թշնամանք ստեղծելը` հիմնվելով պատմության վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունում:
«Մյուս կողմից, մենք դրական ենք համարում թուրք - հայկական հարաբերությունները կարգավորելու Ազնավուրի առաջարկը: Թեպետ մենք չենք կարող միանալ Ազնավուրի որոշ գնահատականների, պատմական միջադեպերը ավելի լավ հասկանալու եւ խաղաղ համատեղ ապագա կառուցելու ճշմարիտ եղանակը երկխոսությունն է, կարեկցանքը եւ արդարացի հիշողությունը», - հայտարարել է Գումրուքչուն:
«Ազատություն»