Քաղաքապետը ներկայացրեց՝ ինչպես է ծախսվել գումարը
Էջմիածնի համայնքային բյուջեի պլանը 2012 թվականին կատարվել է 108,8 տոկոսով: Նախատեսված 998 միլիոնի դիմաց հավաքագրվել է մոտ 1 միլիարդ 100 միլիոն: Այս թվերը ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ավանդույթի համաձայն նախորդ տարվա ընթացքում քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը վերածելով հրապարակային միջոցառմանը: Քաղաքապետը մանրամասն ներկայացրեց, թե որ ուղղություններով եւ ինչպես են ծախսվել բյուջեի միջոցները:
Ներկայացվեց, որ քաղաքապետարանի նորացված կայքը բնակչի հետ հետադարձ կապի հնարավորություն է ընձեռում, իսկ որպեսզի նման հնարավորությունից շատերը կարողանան օգտվել, քաղաքապետարանը նաեւ անվճար դասընթացներ է կազմակերպում ազատամարտիկների ընտանիքների, սոցիալապես խոցելի խավերի համար.
Հաշվետու տարվա ընթացքում բարեխիղճ հարկատուներին տրվել է 10 միլիոն 375 հազար դրամի գույքահարկի արտոնություն:
Քաղաքապետարանը դրական ընթացք է տվել ստացված գրեթե բոլոր սոցիալական դիմումներին: Քաղաքացիներին հատկացվել է նաեւ անվճար իրավական աջակցություն:
Քաղաքապետը հատուկ կարեւորեց Էջմիածնի կարեւորագույն միջոցառումներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասնակցությունը: Նախագահն ու հայրապետը, մասնավորապես, մասնակցել են քաղաքի տոնի միջոցառումներին, 1-ին երաժշտական դպրոցի բացման արարողությանը, որի հիմնանորոգման համար անձամբ նախագահի միջամտությամբ էր պետբյուջեից հատկացվել 136 միլիոն դրամ: Նախագահն ու վեհափառը ներկա են եղել նաեւ Էջմիածնում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» ընկերակցության տնօրենների խորհրդի նիստի բացմանը:
Քաղաքապետը կարեւորեց այն, որ քաղաքի 8 մանկապարտեզից հինգում արդեն անցկացվել է ժամանակակից ջեռուցման համակարգ: Այս կրթական հաստատությունները ձմեռային արձակուրդից կարողացան վերադառնալ արդեն հունվարի 8-ից:
Զեկույցում կոնկրետ թվերով ներկայացվեց, որ Էջմիածնում կատարվել են ասֆալտապատման, կանաչապատման, տանիքների հիմնանորոգման, շքամուտքերի տեղադրման աշխատանքներ: Հատկապես կարեւորվեց ոռոգվող կանաչ տարածքների ավելացումը: Այսօր արդեն Էջմիածնում մշտապես ոռոգվող 16,2 հեկտար տարածք կա:
Քաղաքապետը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ էջմիածնեցիներին 2012-ին տեղի ունեցած ընտրություններին` մայիսի 6-ի ԱԺ եւ սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններին օրինակելի մասնակցության համար:
Խոսքի ավարտին քաղաքապետը բեղուն, աշխատանքային, ստեղծագործական նվաճումներով լի տարի ցանկացավ Էջմիածնի եւ էջմիածնեցու համար:
Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։