Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ զեկույցն է քննարկվել

Քաղաքականություն
ef15e01950aa6a07ee0c923a8f5d5303

2013թ. մարտի 20-ին Եվրոպական Հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը հրապարակել են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2012թ. տարեկան զեկույցը: Այն բաղկացած է 2012թ. Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման գնահատման վերաբերյալ համատեղ հայտարարությունից:

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ԵՄ առաջընթացի զեկույցի շնորհանդեսին ներկայացրել է ԵՀՔ ծրագրով իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջընթացի զեկույցում նշված թերացումները, մտահոգություները և առաջարկները:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ զեկույցում նշվում է 2012թ. ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: «Զգալի առաջընթաց է գրանցվել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններում: Այս բնագավառում Հայաստանը շարունակում է իրականացնել առողջ մակրոտնտեսական քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ: 2010թ. հուլիսին մեկնարկած Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ներկայումս գտնվում են եզրափակիչ փուլում: Նախատեսվում է հայաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովի ժամանակ:

Առաջընթաց է արձանագրվել նաև Գործողությունների ծրագրի շրջանակներում սոցիալական բևեռացման նվազեցման և սոցիալական համախմբվածության նպատակների իրականացման ուղղությամբ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Ըստ զեկույցի` 2012թ. կայացած խորհրդարանական և 2013թ. կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք ընդհանուր առմամբ եղել են թափանցիկ, և Հայաստանի իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառներում: Այդուհանդերձ` հետագայում շարունակական աշխատանքներ պետք է կատարվեն այդ բնագավառներում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ:

Հայաստանը հաշվի է առել ԵՄ ԵՀՔ նախորդ տարվա առաջընթացի զեկույցում արված մի շարք առանցքային առաջարկություններ. պատրաստել է ճանապարհային քարտեզ ընտրական գործընթացների բարելավման նպատակով, ինչպես նաև իրականացրել է համապատասխան միջոցառումներ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական մարմինների գործունեության կատարելագործմանը, ոլորտային բարեփոխումներին և օրենսդրական մոտարկմանը:
Խոսելով ԵՀՔ Հայաստանի 2012 թ. առաջընթացի զեկույցում նշված թերացումների, մտահոգություների եւ առաջարկների մասին` Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ 2013-ին դրանց լուծմանը ևս ուշադրություն է դարձվելու և թվարկված առաջարկների իրականացման ուղղությամբ քայլերը կշարունակվեն:

Քաղաքական առաջարկներից ԱԱԽ քարտուղարը նշեց ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի պետական հանձնաժողովի գործունեության անկախության և թափանցիկության ամրապնդման, ընտրական օրենսդրության բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերը շարունակելու հաստատակամության մասին:

Դատաիրավական բլոկի ԵՄ առաջարկություններից Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ոլորտում բարեփոխումների խորացման, դատավորների անկախության մեծացման, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում բարեփոխումների ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու աշխատանքները շարունակվում են:

Զեկույցում տեղ գտած սոցիալ-տնտեսական առաջարկություններից ԱԱԽ քարտուղարն առանձնացրեց աղքատության կրճատման, գործարար մթնոլորտի բարելավման, սննդի անվտանգության, հարկային եւ մաքսային համակարգերի, տնտեսական մրցակցության խորացման, քաղաքացի-պետություն գործարար շփումների նվազեցման մասին: «Ես որպես Հայաստան- Եվրամիություն հանձնաժողովի նախագահ` վճռական եմ արձանագրված բոլոր առաջարկությունները և մտահոգություններն ամբողջությամբ լուծելու հարցում>>,- իր խոսքը եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:

Այս մասին հայտնում Է ԱԱԽ մամլո ծառայությունը։