Կացնով մոր վրա էր հարձակվել
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի եւ կրակոցների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հատուկ Քննչական ծառայությունում:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 14:50-ի սահմաններում քաղաքացի Վրեժ Գալստյանը, չենթարկվելով ԱԺ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների պահանջներին, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։
Քաղաքացին չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։
Ուստիեւ նրա տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել քաղաքացու ուղղությամբ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ քաղաքացու ինքնությունը, ըստ այդմ՝ ԱԺ վարչական շենք է փորձել մուտք գործել Մասիս քաղաքի բնակիչ, 1988 թվականի ծնված Վրեժ Գալստյանը։ Նախնական տեղեկություններով, նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է գործով զբաղվում Հատուկ Քննչական ծառայությունը՝ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուսզյանը հստակեցրեց, քանի որ դանակով հարձակումը տեղի է ունեցել անվտանգության աշխատակցի նկատմամբ:
Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։
Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
Վրեժ Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին նրան վիրահատում են, որից հետո նա կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, քանի որ
երիտասարդը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, եւ մի քանի օր առաջ էլ, ըստ մեր տեղեկությունների, կացնով հարձակվել է մոր վրա: Երիտասարդն ապրում է հոր եւ մոր հետ, ամուսնացած չէ: