Մահացու հանգուցալուծումն ի՞նչ կտա երկրին (տեսանյութ)
«Ժողովուրդն իր իշխանությունը վերականգնելու համար կարող է դիմել ցանկացած միջոցի»,- ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսպես է հասկանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը:
«Էդ սահմանադրական ճանապարհն իր մեջ ամեն ինչ պարունակում է»,-ասում է նա։
Պարոն Ջհանգիրյանը հիշեցնում է, որ ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը, նրանով է ձեւավորվում իշխանությունը, նա կարող է ամեն ինչ անել իր ուզած իշխանությունն ունենալու համար. « Սահմանադրական է, թե ոչ, ինքներդ գնահատեք, բայց Սահմանադրությունն էդպիսի նորմ է պարունակում»։
Ապրիլի 9-ին «Ժառանգությունը» Ազատության հրապարակում հավաքելու է 100 հազար մարդ, որոնք այլեւս երբեք չեն մոռանա, թե ինչի համար են հավաքվել,-ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան:
«Մենք հայտարարել ենք, որ գնում ենք իշխանափոխության»,- ասաց նա։
Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ ապրիլից 9-ից հետո տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ, թեպետ լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանն այդ օրը իշխանությունը հանձներ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը, իշխող քաղաքական ուժը գիտակցեր, որ ի վերջո նոր ընտրությունը միակ ճիշտ ճանապարհն է»,-ասում է նա։։
Դաշնակցությունում հիշում են, որ իշխանափոխության ձախողման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի գերխնդիրը մահն է։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեռ չգիտի, թե նման մահացու հանգուցալուծումն ինչ կտա մեր երկրին.«Արյուն, չգիտեմ ինչ, մենք գոնե մեզ թույլ չենք կարող տալ»»։
Պարոն Վարդանյանը գիտի, որ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն անել հնարավոր չէ։ Միակ տարբերակը մնում է հեղափոխությունը մտքերում.
«Էս շարժումը գուցե ինչ-որ ժամանակ հետո մտածում են իշխանությունները՝ կանցնի կմարի, բայց ես վստահեցնում եմ՝ մարդկանց մտքում, հոգում բան է փոխվել եւ վեց օրից հետո մի ուրիշ բան կլինի»:
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կասկածում է նախագահի ընտրությունների արդյունքներին, չի կարող ասել՝ կմասնակցի՞ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, թե՝ ոչ։ Ինքը իշխանափոխության սահմանադրական ճանապարհ է դիտարկում եւ ընտրությունները, եւ ժողովրդական բողոքը:
«Պարտադրանքը իշխանությանը հրաժարական տալու՝ դա էլ է սահմանադրական ճանապարհ»,-ասում է նա:
Պարոն Օսկանյանը տեսնում է, որ իշխանափոխության ոչ մի տարբերակ Հայաստանում չի աշխատում, այնուամենայնիվ, լավատես է, ժողովուրդը ձեւակերպել է փոփոխությունների պահանջ։ Ցավոք, կառավարության նոր կազմը որոշ իմաստով հողին կհավասարեցնի պարոն Օսկանյանի լավատեսությունը: