Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգանդը հուսով է,որ ԱԺ-ն կվավերացնի

Քաղաքականություն
b0dfcf1b618384d92f0d7d7ce186e3f9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ զգալի է առաջընթացը 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նրա խոսքով՝ այդ առաջընթացը վկայում է ինչպես երկու կողմերի բարձր պատրաստակամության, այնպես էլ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Համաձայնագիրը նոր ուժ եւ որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այդ կապակցությամբ 2012թ. հունիսից մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ հայկական կողմը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել դրանք:

Գունար Վիգանդը հիշեց իր, ինչպես նաեւ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության նախորդ այցերը Ազգային ժողով, որոնք աներկբա ապացույցն են նրա, որ առկա է քաղաքական կամք՝ ավելի սերտ եւ խորը հարաբերություններ հաստատելու համար: Նա բարձր գնահատեց հայ խորհրդարանականների՝ այս գործընթացին սատարելու պատրաստակամութունը, որի ապացույցն էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցը:

«Մենք հաստատակամ ենք ու վստահ եւ կշարունակենք մեր համագործակցությունը՝ շաղախելով այն ավելի ամուր կապերով»,-ասաց բանակցային խմբի ղեկավարը:

Ըստ նրա, խոսքը չի գնում ձեւական կամ խորհրդանշական հարաբերությունների մասին, այլ շատ ավելի նյութական փոխգործակցության, որը կօժանդակի Հայաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին: Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այլ նաեւ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, ինչը ներառում է նաեւ որոշակի ֆինանսական օժանդակություն:

«Գաղափարները, հասկացությունները կարող են ամփոփվել համաձայնագրերի մեջ, սակայն շատ կարեւոր է, որ մենք դրանց հաղորդենք գործնական բովանդակություն»,-նշեց Գունար Վիգանդը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ գործընթացը ոչ թե ավարտվում, այլ դրանով միայն սկիզբն է հայտարարվում, եւ հետագայում կարեւոր է լինելու բոլոր օղակների, այդ թվում օրենսդիր մարմնի ակտիվ գործունեությունը: Գունար Վիգանդը հույս հայտնեց, որ Համաձայնագրի ստորագրումից հետո Ազգային ժողովը անհապաղ ձեռնամուխ կլինի դրա վավերացմանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի կունենա 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԺ-ն հնարավորինս արագ կվավերացնի Համաձայնագիրը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ օպերատիվ կերպով իրականացրել եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում էին նաեւ ՀՀ ներքին օրակարգից: Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։